Պետպատվերի շրջանակներում պացիենտների ընդունելության կարգը

Ինստիտուտում պացիենտների ընդունելությունը և բուժումը պետական պատվերի շրջանակներում իրականացվում է ՀՀ կառավարության “Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման մասին” 2004թ. Մարտի 4-ի որոշման /https://www.arlis.am/documentview.aspx?docid=149385/ (որոշումը խմբ. 21.01.2021թ. N76-Ն) և ՀՀ առողջապահության նախարարության կողմից 2018 թվականի նոյեմբերի 6-ի N 2848-Ա հրամանով /https://www.moh.am/uploads/HIV-2848.pdf/ հաստատված “Բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար և (կամ) արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման տրամադրման” չափորոշիչի համաձայն:

Սույն իրավական ակտերով կարգավորվում են 18 տարեկան և բարձր տարիքի բնակչության խմբերին պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման տրամադրման հետ կապված հարաբերությունները:

Պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային բժշկական օգնությունը և սպասարկումը բժշկական կազմակերպությունում կարող է իրականացվել`/ՀՀ ԱՆ չափորոշիչ II մաս 11կետ/

1. ցերեկային ստացիոնարի պայմաններում,
2. «կարճաժամկետ կամ փոքր ծավալի կամ քիչ ծախսատարությամբ բժշկական օգնություն» շուրջօրյա հսկողության պայմաններում,
3. երկարաժամկետ շուրջօրյա հսկողության պայմաններում:

Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման տրամադրման համար հիմք են հանդիսանում`սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց համար բժշկական ցուցումների առկայության դեպքում` տվյալ բնակչին սպասարկող տեղամասային թերապևտի (մանկաբույժի) և/կամ ընտանեկան բժշկի կողմից տրված ուղեգիրը /չափորոշիչ II մաս 13կետ/

Սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում /ՀՀ կառավարության որոշում, հավելված 1/ ընդգրկված անձինք ներկայացնում են Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը և հետևյալ փաստաթղթերը. /ՀՀ ԱՆ չափորոշիչ II մաս 14 կետ/

1. ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 28.01 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուներ՝ տեղեկանք` տրված սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնի կողմից,
2. 1-ին, 2-րդ և 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք` բժշկասոցիալական փորձաքննական որոշում` տրված բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի կողմից,
3. Մինչև 18 տարեկան երեխաներ.
4. Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ և նրանց հավասարեցված անձինք՝ զինվորական կոմիսարիատի կողմից տրված համապատասխան վկայական,
5. վերարտադրողական տարիքի կանայք հղիության, ծննդաբերության և հետծննդյան շրջանում (մասնագիտացված հիվանդանոցային բուժօգնության համար)` ծննդօգնության կազմակերպության կամ հղիի նախածննդյան հսկողությունն իրականացնող կանանց կոնսուլտացիայի կողմից տրված ուղեգիր,
6. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձինք` 18-23 տարեկան անձինք.
7. բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի ուղեգրով լրացուցիչ բժշկական հետազոտության ենթարկվողները՝ բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի կողմից տրված ուղեգիր,
8. նախազորակոչային և զորակոչային տարիքի անձինք՝ տարածքային զինվորական կոմիսարիատի ուղեգիր կամ տարածքային պոլիկլինիկայի ուղեգիր` հաստատված տարածքային զինվորական կոմիսարիատի կողմից` Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 10-ի N 748-Ն որոշմանը համաձայն,
9. ժամկետային ծառայության զորակոչված զինծառայողների ընտանիքի անդամներ՝ համապատասխան տարածաշրջանային զինվորական կոմիսարիատի տեղեկանքի հիման վրա սպասարկող ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպության կողմից տրված ուղեգիր,
10. զինծառայողներ և նրանց հավասարեցված անձինք, նրանց ընտանիքի անդամներ՝ ուղեգիր, տրված համապատասխան գերատեսչության բժշկական ստորաբաժանման կողմից,
11. Հայաստանի Հանրապետության սահմանի պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներ, երկարամյա ծառայության կամ հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողներ. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից տրված համապատասխան տեղեկանք, վկայական,
12. Փրկարարական ծառայողներ և նրանց ընտանիքների անդամներ, կենսաթոշակի անցնելու կապակցությամբ ազատված փրկարարական ծառայողներ, հաշմանդամ դարձած փրկարարական ծառայողներ, ծառայության ընթացքում զոհված (մահացած) փրկարարական ծառայողների ընտանիքների անդամներ. Համապատասխան տեղեկանք, վկայական
13. ձերբակալվածներ, կալանավորվածներ և ազատազրկման դատապարտվածներ՝ համապատասխան գերատեսչության միջնորդագրի հիման վրա առողջապահության բնագավառի պետական լիազոր մարմնի կողմից տրված ուղեգիր,
14. ծերանոցներում խնամվողներ՝ համապատասխան կազմակերպության կողմից տրված տեղեկանք,
15. բռնադատվածներ՝ բռնադատվածի վկայական, տրված համապատասխան լիազոր մարմնի կողմից,
16. Չեռնոբիլի վթարի վերացման աշխատանքների մասնակիցներ՝ համապատասխան վկայական, տրված զինվորական կոմիսարիատի կողմից,
17. մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ենթարկված անձինք՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջնորդագրի հիման վրա` առողջապահության բնագավառի պետական լիազոր մարմնի կողմից տրված ուղեգիր,
18. Ապաստան հայցողներ ու նրանց ընտանիքների անդամներ.
19. Զինծառայության ընթացքում ստացած խեղման, վնասվածքի, հիվանդության պատճառով զորացրված անձինք, ովքեր բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում հաշմանդամ չեն ճանաչվել (հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում` բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի կողմից կազմված վերականգնողական անհատական ծրագրի շրջանակներում):

Բոլոր այն պացիենտները, որոնք  ինստիտուտ են ընդունվում Պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում ստանալու նպատակով, պետք է դիմեն ինստիտուտի ընդունարան, որտեղ լրացվում է նրանց անձնագրային-անկետային տվյալները և բացվում հիվանդության պատմագիր կամ քարտ: Ինստիտուտի ընդունարանում գործում է ընդունող հանձնաժողով: Պացիենտները պարտադիր անցնում են առաջնային բժշկական զննում համապատասխան պրոֆիլային մասնագետի կամ մասնագետների կողմից և հակացուցումների բացակայության դեպքում, ընդունող հանձնաժողովի եզրակացության հիման վրա, ընդունվում համապատասխան բաժանմունք:

• Պետպատվերով վերականգնողական ստացիոնար բուժում ստանալու ժամանակ պացիենտները պետք է ներկայացնեն անձնագիր, պետպատվերով բուժվելու իրավունք տվող փաստաթուղթ, ուղեգիր պոլիկլինիկայից, առողջապահության նախարարությունից, ամբուլատոր և այլ բուժ. հիմնարկություններից` համաձայն հաստատված ձևերի

• Անձը հաստատող և ՀՀ ԱՆ չափորոշչի II մասի 14-րդ կետով նախատեսված փաստաթղթերի պատճենները կցվում են հիվանդության պատմագրին:

• Վերականգնողական բուժման կարիք ունեցող պացիենտների ուղեգրումը կատարվում է տարածքային ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատության համապատասխան մասնագետների կողմից, հաշվի առնելով վերականգնողական բուժման ցուցումները և հակացուցումները: Վերականգնողական բուժման համար ուղեգրվող պացիենտների ոչ ճիշտ ընտրության դեպքում պատասխանատվությունը կրում է համապատասխան ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպության տնօրինությունը

• Պացիենտին կամ նրա օրինական ներկայացուցչին տրամադրվում է տեղեկատվություն անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակների և պացիենտի առողջական վիճակի մասին: Իրազեկման փաստը վավերացվում է բժշկական փաստաթղթերում պացիենտի կամ օրինական ներկայացուցչի ստորագրությամբ:

• Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված բժշկական կազմակերպությունները, որոնց կազմում գործում են հիվանդանոցային և առողջության առաջնային պահպանման բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ, քաղաքացիներին հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման ուղեգրում են` պոլիկլինիկայում կատարելով բոլոր անհրաժեշտ լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունները, որոնք կարող են հիմք հանդիսանալ պացիենտի նախնական ախտորոշման և բուժման համար: /ՀՀ ԱՆ չափորոշիչ II մաս 18 կետ/

• Ամբուլատոր քարտերի հիման վրա տրվում է քաղվածք, որը պետք է պարտադիր ներառի պացիենտի իրականացրած հետազոտությունների /կլինիկա-լաբորատոր և գործիքային/ տվյալները և արդյունքները (արյան, մեզի հետազոտության, ՄՌՊ-թեստ` ռիսկի խմբի պացիենտների համար, ԷՍԳ, անհրաժեշտության դեպքում ռենտգեն-հետազոտության):

• Վերականգնողական բուժման մեթոդները և տեսակները որոշվում են համապատասխան մասնագետների կողմից` հիմք ընդունելով պացիենտի ախտորոշումը և ընդհանուր վիճակը:

• ՀՀ կառավարության /ՀՀ Կառավարության որոշում, hավելված N 4/ “Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման նպատակով  բնակչության հերթագրման” կարգի համաձայն իրականացվում է պացիենտների հերթագրում: Ինստիտուտում պլանավորվում է օրական ընդունվող պացիենտների քանակը և ամսեկան ընդունելությունը նախորոք կազմված ցուցակների և գրանցման հիման վրա:

• Պացիենտների հերթագրումն իրականացվում է էլեկտրոնային կամ թղթային եղանակով:

• Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման իրավունք ունեցող` հերթագրված կամ հերթագրման ենթակա պացիենտներին հերթագրման կարգից դուրս` արտահերթ բժշկական օգնությունն իրականացվում է վճարովի հիմունքներով, տվյալ բժշկական կազմակերպությունում սահմանված կարգով և գներով, պացիենտի կամ նրա հարազատի տեղեկացված գրավոր համաձայնությամբ: