ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

90-ից ավել տարվա պատմություն ունեցող “Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ” ՓԲԸ-ը հանրապետությունում կլինիկական ուղղվածությամբ ստեղծված գիտահետազոտական առաջին բուժհաստատություններից է: Հանրապետությունում կուրորտաբանության և ֆիզիոթերապիայի կայացումն ու զարգացումը, ճանաչման ու բարձր գնահատականի արժանանալը ինստիտուտի հիմնադիրների և ողջ կոլեկտիվի բազմամյա բեղմնավոր աշխատանքի արդյունքն է:

Ինստիտուտի ստեղծման և կայացման գործում մեծ է Հայաստանի կուրորտաբանության և ֆիզիոթերապիայի հիմնադիրներ, հայկական բժշկագիտության ճանաչված ներկայացուցիչներ` ակադ. Լ. Ա. Հովհաննիսյանի, պրոֆ. Լ. Ն. Գյանջեցյանի, պրոֆ. Ա. Ա. Մելիք-Ադամյանի, պրոֆ. Ա. Ա. Հակոբյանի, պրոֆ. Գ. Ի. Աղաջանյանի, Ա. Պ. Դեմիխինի, Է.Ս.Սեկոյանի, Է.Հ.Գրիգորյանի և այլնի դերը:

Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ԳՀԻ-ը ստեղծվել է 1930թ. նոյեմբերի 29-ին, նախ որպես “Ֆիզիոթերապիայի ինստիտուտ”, այնուհետև, 1937թ. վերանվանվել է “Ֆիզիկական մեթոդներով բուժման և կուրորտաբանության Ինստիտուտ”-ի: Ինստիտուտի ստեղծման նախաձեռնողներից է եղել ՀՍՍՀ առողջապահության ժողովրդական կոմիսար` Գ. Ա. Ղեվոնդյանը: Ինստիտուտի առաջին տնօրենը եղել է պրոֆ. Ա. Ա. Հակոբյանը (1930-1950 թթ.): Հայրենական Մեծ պատերազմի տարիներին ինստիտուտի ղեկավարումը ժամանակավոր հանձնարարվել է հանրապետության վաստակավոր բժիշկ` Մ. Կ. Կամենցեվային: Հետագայում ինստիտուտը գլխավորել են` դոցենտ Ս. Ա. Ճշմարիտյանը (1950-1960 թթ.), պրոֆ. Գ. Ի. Աղաջանյանը (1960-1979 թթ.), բ.գ.թ. Զ. Ա. Սարգսյանը (1979-1991 թթ.), բ.գ.դ. պրոֆ. Յու. Ս. Թունյանը (1991-2002թթ.), բ.գ.դ. պրոֆ. Բ. Ն. Հարությունյանը (2002-2018թթ.), Տ.Գ.Վահրամյանը (2018-2021թթ.): 2021թ. մայիսից ինստիտուտը ղեկավարում է Կ.Ս.Ավագյանը:

Այս տարիների ընթացքում համալիր ուսումնասիրվել և կլինիկական վերլուծության են ենթարկվել հանրապետության կուրորտների կլիման, կուրորտային և ռեկրեացիոն գոտիները, կլիմատոթերապիայի օդերևութաբանական պայմանները: Հանրապետության բնական բուժական գործոնների` մասնավորապես հիդրոմիներալ ռեսուրսների ուսումնասիրման գիտականորեն հիմնավորված տվյալները և Հայաստանի տարբեր տարածաշրջանների կլիմայական բնութագրումը հիմք են հանդիսացել Արզնի, Ջերմուկ, Դիլիջան կուրորտների զարգացման, ինչպես նաև Հանքավան կուրորտի ստեղծման, “Արզնի”, “Հանքավան”, “Բջնի”, “Դիլիջան”, “Ջերմուկ”, “Լիճք”, “Լորի”, “Սևան” և այլ հանքային ջրերի շշալցման կազմակերպման համար: Բնական հանքային ջրերի ֆիզիկաքիմիական կազմի, այդ թվում միկրոէլեմենտային, գազային և այլ ցուցանիշների դինամիկական հետազոտությունների և դրանց ձևավորման պայմանների ուսումնասիրության արդյունքում տրվել է հետազոտված հանքային ջրերի բնութագրում, մշակվել է հանրապետության ածխաթթվային հանքային ջրերի հիմնական հանքավայրերի սխեմա, բացահայտվել են բնական ռադիոակտիվ աղբյուրներ: Հայաստանի տարածքում հայտնաբերվել է տորֆի ավելի քան 100 հանքավայր, ուսումնասիրվել են դրանց ֆիզիկաքիմիական հատկությունները, միկրոֆլորան և բուժական արժեքները:

Այս տարիների ընթացքում կլիմայի և բնական բուժական գործոնների ուսումնասիրման բնագավառում կատարված նվաճումները նպաստել են մասնագիտացված սանատոր-կուրորտային հաստատությունների ձևավորմանը, որտեղ իրականացվել են սիրտ-անոթային, կենտրոնական և պերիֆերիկ նյարդային համակարգերի, աղեստամոքսային և հեպատոբիլիար համակարգերի, հենա-շարժողական ապարատի վնասվածքների և այլ հիվանդությունների կանխարգելում և բժշկական ռեաբիլիտացիա:

Հայաստանում տեղիունեցած Սպիտակի աղետալի երկրաշարժից (1988 թ.) անմիջապես հետո ինստիտուտում մշակվել և իրականացվել է ինչպես աղետի գոտու, այնպես էլ Երևանի և հանրապետության այլ մարզերի վիրաբուժական, նեյրովիրաբուժական և վնասվածքաբանական կլինիկաներում բուժման կարիք ունեցող վիրավորների և տուժածների վերականգնողական թերապիայի և ռեաբիլիտացիայի կոմպլեքսային բուժ-կազմակերպչական ծրագիր: Միաժամանակ Միջազգային Կարմիր Խաչի նախաձեռնությամբ, աղետի գոտում տուժածների համար այդ տարիներին ինստիտուտի բազայի վրա ստեղծվել է “Ողնաշարային կենտրոն” — ողնաշարի տրավմատիկ վնասվածքների մասնագիտացված բաժանմունք:

Ինստիտուտի կոլեկտիվի ուսերին մեծ պատասխանատվություն ընկավ ինչպես Արցախի անկախության համար մղվող ազգային հերոսական ազատամարտի /1991-1994թթ./, այնպես էլ 2020թ. Արցախյան քառասունչորս օրյա պատերազմի ժամանակ: Ղարաբաղյան հակամարտության տարիներին ինստիտուտի ողջ մտավոր ներուժը և կարողությունը ուղղվել է վիրավոր ազատամարտիկների վերականգնողական բուժման կազմակերպմանը, որոնք տեղափոխվում էին ինչպես Երևանի մասնագիտացված կլինիկաներից, այնպես էլ անմիջապես ռազմական գոտիներում տեղակայված բուժ.հաստատություններից: Միայն 2020թ նոյեմբեր դեկտեմբեր ամիսներին ինստիտուտում վերականգնողական բուժում են ստացել Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ վնասվածքներ ստացած 800-ից ավել զինծառայողներ, կամավորականներ և քաղաքացիական անձինք:

90-ից ավել տարիների ընթացքում ինստիտուտը հասել է նշանակալի ձեռքբերումների գիտահետազոտական մի շարք ուղղությունների ձևավորման, Հայաստանի կուրորտային ցանցի կազմավորման և զարգացման, բնական բուժական գործոնների ուսումնասիրման, բարձր որակավորմամբ կադրերի (գիտությունների դոկտորներ և թեկնածուներ) պատրաստման և այլ գործընթացներում:

Այժմ ինստիտուտը հաջողությամբ գործող, միջազգային ճանաչում նվաճած, սեփական դոկտրինա և հետագա զարգացման ու կատարելագործման ռազմավարություն ունեցող բժշկական ռեաբիլիտացիայի բազմապրոֆիլ գիտա-գործնական  կենտրոն է: