ԱՏԼԱՍ. Հայաստանի կլիման եվ բնական բուժ-առողջարարական ռեսուրսները

«ԱՏԼԱՍ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԼԻՄԱՆ ԵՎ ԲՆԱԿԱՆ ԲՈՒԺ-ԱՌՈՂՋԱՐԱՐԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԸ»

Աշխատանքի էությունը

Վերականգնողական և էկոլոգիական բժշկության բնագավառում կիրառական գիտական հետազոտությունների առաջնահերթ խնդիրն է’ բնական բուժական գործոնների /կլիմա, բուժիչ հանքային, քաղցրահամ ջրեր, տորֆեր, ցեխեր, կավեր/, հանրապետության կուրորտների, կուրորտային և հանգստյան հին ու նոր գոտիների ուսումնասիրությունն ու գնահատումը, դրանց մոնիթորինգն ու ռացիոնալ օգտագործման հեռանկարները: Այս խնդիրները համահունչ են ՀՀ Կառավարության կողմից ներկայացված Հայաստանի տնտեսության զարգացման ծրագրին, որտեղ մեծ կարևորություն է տրվում ազգաբնակչության առողջացման և առողջության պահպանման, կուրորտային և հանգստի նոր գոտիների իրացման, քաղաքաշինության, բուժական տուրիզմի և զբոսաշրջության զարգացման հարցերին:

Նշված ծրագրային հարցերի մեծ մասի պատասխանները լիարժեք ամփոփված են Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի կոլեկտիվի և տվյալ բնագավառի հանրապետության լավագույն մասնագետների երկարամյա նպատակամղված հետազոտությունների արդյունքում ստեղծված և 2010թ. հրատարակված’ նմանատիպը չունեցող, ֆունդամենտալ բժշկագիտական “Ատլաս. Հայաստանի կլիման և բնական բուժ-առողջարարական ռեսուրսները” (“Атлас: Климат и природные лечебно-оздоровительные ресурсы Армении”) (այսուհետև Ատլաս) աշխատությունում:

Ատլասում ներառված է ոչ միայն լայնածավալ և արժեքավոր տեղեկատվություն Հայաստանի հայտնի և նոր բնական բուժ-առողջարար ռեսուրսների վերաբերյալ, այլև դրանց բուժ-էկոլոգիական գնահատման, մոնիթորինգի և համակարգման գիտական մշակումների արդյունքները: Այս տվյալները հանդիսանում են ապացուցողական բազա բնական բուժական գործոնների հեռանկարային և գերակայական բազմապլանային ուսումնասիրությունների և դրանց արդյունավետ օգտագործման համար:

Ատլասը գիտա-տեղեկատվական հիմնարար աշխատություն է, որում առաջին անգամ համակարգված ներկայացվել են հանրապետության եղանակի և կլիմայի հիմնական տարրերի տարածական և ժամանակային փոփոխականության վերաբերյալ նյութեր, տրվել է Հայաստանի ողջ տարածքի կուրորտա-կլիմայական ռեսուրսների սպառիչ բնութագիր: Տարատեսակ օդերևութաբանական և ֆիզիկական ցուցանիշների ուսումնասիրումն ու մշակումը իրականացվել է կլիմայի գնահատմանը ներկայացվող, միջազգային պրակտիկայում ընդունված, ժամանակակից մեթոդներով:

Մանրամասն վերլուծվել, գնահատվել և քարտեզագրվել է մարդու օրգանիզմի վրա օդերևութաբանական հիմնական տարրերի ազդեցությունը, մթնոլորտային ճնշման, օդի ջերմաստիճանի, հարաբերական խոնավության փոփոխականության կրկնվածությունը տարվա սեզոնային կտրվածքով, կլիմայի կառուցվածքը ըստ եղանակի տիպերի, մարդու առողջության վրա ոչ միանշանակ ազդեցություն ունեցող եղանակային տիպերի կրկնվածությունը, եղանակի խտությունը և կոնտրաստային փոփոխման հավանականությունը, օդաբուժության օդերևութաբանական պայմանները: Այս ամենը հիմք են հանդիսանում առողջ մարդու առողջության պահպանման գերակայական խնդիրների լուծման, սիրտ-անոթային, շնչառական, նյարդային, էնդոկրին, մարսողական, հենա-շարժական համակարգերի և այլ հիվանդությունների կանխարգելման ու ռացիոնալ առողջարար-վերականգնողական միջոցառումների իրականացման համար, հնարավորություն են ընձեռում մշակելու եղանակի բժշկական կանխատեսումներ’ մեթեոտրոպ ռեակցիաների և պաթոլոգիկ վիճակների զարգացումը կանխարգելելու նպատակով:

Առանձին ենթաբաժնում աղյուսակների տեսքով բնութագրված են կուրորտա-կլիմայական հիմնական գործոնները հանրապետության բոլոր մարզերի համար: Հաշվի առնելով հանրապետությունում բժշկական զբոսաշրջության, էկոտուրիզմի զարգացման անհրաժեշտությունը, ինչպես նաև տուրիզմը ավելի հրապուրիչ դարձնելու նպատակով, Ատլասում մատչելի ձևով ներկայացված են նաև հիմնական էքսկուրսիոն երթուղիները, Հայաստանի պատմա-մշակութային կոթողները, առավել հայտնի հայկական ճարտարապետության հնադարյան հուշարձանները:

Ատլասում մեծ կարևորություն է տրված հիդրոմիներալ ռեսուրսների, տորֆերի, բուժիչ ցեխերի ծագմանը, բնութագրմանը, դասակարգմանը և բուժական արդյունավետությանը: Մշակվել և ամփոփ բնութագրված են հանքային ջրերի ֆիզիկո-քիմիական հատկանիշների, մակրո- և միկրոէլեմենտային, գազային բաղադրության, օրգանական և կենսաբանական ակտիվ միացությունների պարունակության և դրանց փոփոխության մասին տարեկան ու սեզոնային կտրվածքով տվյալները: Մանրամասն ներկայացվել են հանրապետության բոլոր մարզերի, կարևորագույն կլիմատո-բալնեոլոգիական կուրորտների, բուժ-առողջարարական գնահատման տեսակետից արժեքավոր նշանակություն ունեցող բուժիչ և սեղանի ջրերի, ինչպես նաև նոր հայտնաբերված հեռանկարային հանքային ջրերի սկզբնաղբյուրների կոնդիցիայի և էկոլոգիական անվտանգության երկարատև մոնիթորինգի արդյունքները:

Ատլասը շարադրված է քարտեզագրման և գրաֆիկական վերլուծության ինչպես ավանդական, այնպես էլ նորագույն մեթոդներով, որտեղ ներկայացված է մանրակրկիտ ու հիմնավորված տեղեկատվություն հանրապետության կլիմայի և բնական բուժ-առողջարարական գործոնների (եղանակա-կլիմայական, ջրահանքային, տորֆային, ցեխային և այլն) մասին:

Ըստ ներկայացված ինֆորմացիայի ծավալի, հարուստ փաստական նյութի, բժշկագիտական բազմաթիվ ուսումնասիրությունների, հետազոտությունների, գիտական վերլուծությունների, տեխնոլոգիական նոր մոտեցումների և հեղինակային եզակի աշխատանքների Ատլասը ունի ամփոփ-տեղեկատվական, բժշկագիտական, կիրառական և կանխատեսական մեծ նշանակություն:

Ատլասը բաղկացած է հետևյալ բաժիններից — 1. Ընդհանուր բնութագիր: 2. Բժշկա-կլիմայական ռեսուրսներ: 3. Հիդրո-միներալային ռեսուրսներ, տորֆեր և ցեխեր: Ընդգրկում է 123 քարտեզ, ավելի քան 300 գրաֆիկ և աղյուսակ’ համապատասխան բացատրասկան տեքստերով: Քարտեզների գերակշռող մասը ներկայացված է 1:2000000-ից 1:1000000 մասշտաբով, ընդ որում 36-39, 41-43, 58-84, 105-115 էջերի թվով 91 քարտեզները օրիգինալ են /հեղինակային/: Մշակվել է նաև Ատլասի էլեկտրոնային տարբերակը: Ատլասի հիմքում դրվել են նաև Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ԳՀԻ թեմատիկ և բյուջետային ֆինանսավորման շրջանակներում կատարված գիտական հետազոտությունների արդյունքները:

Ատլասը գրախոսվել և երաշխավորվել է տպագրության Ռուսաստանի Դաշնության Վերականգնողական բժշկության, կուրորտաբանության Գիտական Կենտրոնի, Թբիլիսիի բալնեոլոգիական կուրորտ — Վրաստանի կուրորտաբանության, ֆիզիոթերապիայի, ռեաբիլիտացիայի և բուժական տուրիզմի գիտա-պրակտիկ կենտրոնի, Հայկական Աշխարհագրական ընկերության, ՀայՆախագիծ ԲԲԸ-ն, Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայության, ՀՀ Անշարժ գույքի Կադաստրի պետական կոմիտեի Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոնի կողմից:

Ակընկալվող արդյունքները և հեռանկարները

1. Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման ազգային գերակայական ծրագրերի սահմաններում Ատլասի նյութերը կարող են ծառայել, որպես օբյեկտիվ և գիտականորեն հիմնավորված տեղեկատվական բազա, ինչը կարող է զգալի օժանդակել պետական քաղաքականությանը’ ուղղված ինվեստիցիոն կլիմայի բարելավմանը, նորարարական գործունեության խթանմանը, հանրապետության բնական բուժիչ և կուրորտա-ռեկրեացիոն ռեսուրսների պահպանմանն ու արդյունավետ օգտագործմանը, կուրորտաին ինդուստրիայի և դրա ենթակառուցվածքների ստեղծմանը, կուրորտների մոդերնիզացմանը, պրոֆիլավորմանը և մասնագիտացմանը, բուժ-առողջարար և էկոտուրիզմի ինտենսիվ զարգացմանը, մոտ ապագայում նոր, առավել հեռանկարային կուրորտային, ռեկրեացիոն զոնաների, քաղաքաշինության և այլ հարակից բնագավառների նպատակաուղղված իրացմանն ու զարգացմանը:

2. Ատլասում բերված գիտականորեն հիմնավորված տվյալները հիմք են հանդիսանում հանրապետության բուժ-առողջարարական ներուժի պահպանման, ռացիոնալ և արդյունավետ օգտագործման միջին և երկարատև ծրագրերի մշակման համար’ ներառյալ հանրապետության կուրորտային վայրերի և ռեկրեացիոն գոտիների լանդշաֆտա-կլիմայական առանձնահատկությունները և էկոանվտանգությունը, տարատեսակ ծագմամբ, ֆիզիկո-քիմիական կազմով և բուժիչ հատկություններով օժտված բնական բուժիչ հանքային ջրերը, տորֆերը, ցեխերը և ռազմավարական նշանակություն ունեցող քաղցրահամ ջրերի հարուստ պաշարները:

3. Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ԳՀԻ կոլեկտիվի մեծ փորձը և բարձր որակավորում ունեցող գիտական կադրերի առկայությունը հնարավորություն են ընձեռում ներկայումս շարունակել ԼՂՀ-ի տարբեր շրջաններում բուժ-առողջարարական ռեսուրսների ուսումնասիրման աշխատանքները և մոտ ապագայում այս ուղղությամբ ծրագրավորել նախնական հետազոտությունների իրականացում նաև Ջավախքում:

Հաշվի առնելով վերը նշվածը ինստիտուտը կարող է արդյունավետ մասնակցություն ունենալ ՀՀ-ում Եվրոպական չափանիշներին և ստանդարտներին համապատասխանող ծրագրերի ներդրման և իրականացման գործընթացներում, ինչպես նաև համակարգել հանրապետության սանատոր-կուրորտային հիմնարկների գործունեությունը’ բնական բուժ-առողջարարական գործոնների արդյունավետ օգտագործման, սանատոր-կուրորտային բնագավառի բուժանձնակազմի մասնագիտացման, վերապատրաստման և լիցենզավորման ասպարեզներում: