ՄԵԾԱՎԱՍՏԱԿ ԲԺԻՇԿԸ

 

Բ/ծ գնդապետ, բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր Բենիկ Հարությունյանը ծնվել է 1946 թվականի հունիսի 8-ին ԼՂՀ Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղում: 1970 թվականին ավարտել է Երեւանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը, 1970-1972 թվականներին եղել է խորհրդային բանակի գնդի ավագ բժիշկ, աշխատել է ՀՀ առողջապահության նախարարության բուժական վարչությունում, 1980-1983 թվականներին՝ Մալիի Հանրապետության Գաբրիել Տուրէի անվան հոսպիտալում՝ որպես ավագ վիրաբույժ, այնուհետեւ Հրազդանի բուժմիավորման գլխավոր բժիշկ, վիրաբույժ, 1993-1995 թվականներին՝ ՀՀ ՊՆ ռազմաբժշկական վարչության պետ, 1993-1997 թվականներին՝ ԵՊԲՀ ռազմադաշտային վիրաբուժության ամբիոնի պետ, 2001 թվականից՝ ՌԴ Բժշկատեխնիկական գիտությունների ակադեմիայի հայաստանյան մասնաճյուղի նախագահ, 2002 թվականից՝ ՀՀ ԱՆ կուրորտաբանության եւ ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, 2003-2011 թվականներին՝ ՀՀ ԱՆ Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի վերականգնողական թերապիայի եւ կուրորտաբանության ամբիոնի վարիչ, 2010 թվականից՝ ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական ռազմաբժշկական հարցերով, 2011 թվականից ԵՊԲՀ ռեաբիլիտալոգիայի, ֆիզիոթերապիայի եւ սպորտային բժշկության ամբիոնի վարիչն է:

Պարգեւատրվել է ԽՍՀՄ եւ ՀՀ մի շարք շքանշաններով ու մեդալներով:

Նրա աշխատանքային օրն սկսվում է առավոտ ծեգին: Գալիս պտտվում է ինստիտուտի տարածքում, հիանում ծառուծաղկով, տխրում է չորացած ծառերի ու ծաղիկների համար, քիչ անց իրեն միացած այգեպանին ցուցումներ է տալիս ինչ անել, ու երբ արդեն գալիս է սահմանված աշխատանքային ժամը, ներս է մտնում, հանդիպում է ծառայությունների ղեկավարներին ու բժիշկներին, զրուցում հիվանդների հետ: Այդպես է արդեն շուրջ կես դար:

…Մեր ծանոթությունն սկսվեց հեռավոր 90-ականների սկզբներին, երբ նա, թողած ճանաչված վիրաբույժի իր հանգիստ ու եկամտաբեր աշխատանքը, ծառայության էր կոչվել հայոց բանակում՝ ձեռնամուխ լինելով կարևորագույն՝ ռազմաբժշկական ծառայության կազմակերպմանը: Ամեն ինչ զրոյից սկսել էր անհրաժեշտ` սկսած շենք-շինություններից մինչև սարքավորումներ ու դեղորայք: Քաղաքացիական հիվանդանոցները լեփ-լեցուն էին բժշկական օգնություն հայցող զինվորներով ու սպաներով: Բարեբախտաբար, Հարությունյանի նման մտածողները, երկիրը պահողներին օգնելու պատրաստ մարդիկ Հայաստանում քիչ չէին, ու բոլոր պաշտոնյաների դռները նրա առջև լայնորեն բացվում էին, ներկայացված հարցերը լուծում ստանում: Շուտով զինվորական հոսպիտալների վերածվեցին Երևանի երկաթգծի նախկին հիվանդանոցը, Զեյթունի պոլիկլինիկան, մի շարք բժշկական հաստատություններ հանրապետության մյուս քաղաքներում ու մարզերում: Զինվորական հոսպիտալներ ծառայելու եկան ինչպես տարիների փորձառությամբ ծանրաբեռ, այնպես էլ բազմաթիվ երիտասարդ բժիշկներ: Գործը, ինչպես ասում են, ընթացքի մեջ ընկավ:

- Մեր նպատակը, - տարիների հեռվից հիշում է Բենիկ Հարությունյանը, - աշխարհի առաջադեմ շատ երկրների նման հոսպիտալը երկրի թիվ մեկ բուժհաստատություն դարձնելն էր: Մենք և՛ կռվում էինք, և՛ միաժամանակ կազմակերպում բանակի բուժծառայությունը, բայց այսօր չեմ կարող ուրախությամբ չարձանագրել, որ մեր երկրի ռազմական բուժհաստատությունները ոչնչով չեն զիջում առաջնակարգ ու բնակչության շրջանում մեծ համարում ունեցող էլիտար բուժհաստատություններին: Դրա առհավատչյան էր նաև ապրիլի առաջին օրերի ադրբեջանական լայնամասշտաբ սադրանքի հետեւանքով վիրավոր զինվորներին ու կամավորականներին այցելած եվրոպացի առաջնակարգ բժիշկների բարձր կարծիքը մեր ռազմական բժիշկների մասին:

Իսկ ահա այսօր պրոֆեսոր Հարությունյանի ղեկավարած ՀՀ ԱՆ կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտը առողջություն է պարգևում ու ակտիվ կյանք վերադառնալու ուղեգիր տալիս հարյուրավոր հայ և օտարերկրացի հիվանդների:

- Երբ տնօրեն նշանակվեցի, - ասում է պրոֆեսորը, - առաջին իսկ օրվանից հասկացա, որ իմ գերխնդիրը պետք է լինի արդեն իսկ ձևավորված ձեռքբերումները հնարավորինս պահպանելը: Դեռ խորհրդային տարիներից այստեղ աշխատում էին մեր հանրապետությունում ճանաչված ֆիզիկական և վերականգնողական բուժման  լավագույն մասնագետները: Շատերն արդեն թոշակի տարիքի էին, բայց աշխատում էին նվիրումով ու մասնագիտական բարձր պրոֆեսիոնալիզմով: Ինստիտուտի գիտական խորհրդի և անձնակազմի համատեղ ընդհանուր ժողովում մենք որոշեցինք և միջնորդեցինք առողջապահության նախարարությանը՝ որպես բացառություն թույլատրել հասակն առած, բայց աշխատանքում իրենց լավագույնս դրսևորած բժիշկներին շարունակելու օգտավետ գործունեությունը… Չեմ թաքցնում, սա իմ՝ ինստիտուտի տնօրենիս աշխատանքային ամենակարևոր որոշումն էր: Տարեկան ավելի քան 5000 մարդ է առողջությունը վերականգնում մեզ մոտ՝ բացարձակ մեծամասնությունը պետական պատվերով: Ավելորդ է ասել, որ հիվանդների մեջ քիչ չեն զինծառայողները:

Բժշկատեխնիկական գիտությունների ակադեմիայի հայաստանյան մասնաճյուղի նախագահ, ՀՀ ԱՆ կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի վերականգնողական թերապիայի և կուրորտաբանության ամբիոնի վարիչ, ռազմաբժշկական հարցերով ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, ԵՊԲՀ ռեաբիլիտալոգիայի, ֆիզիոթերապիայի և սպորտային բժշկության ամբիոնի վարիչ: Արդյոք շատ չէ՞ մեկ մարդու համար: Բենիկ Հարությունյանը կտրուկ «ոչ» է ասում ու շարունակում իր գերհագեցած առօրյան:

- Չե՞ք հոգնում, վաղուց արդեն երիտասարդ չեք՝ 70 տարեկան,- հարցնում եմ բժշկին:

- Ինձ համար հոգնեցուցիչը պարապ մնալն է, - պատասխանում է պրոֆեսոր, բ/ծ գնդապետ Բենիկ Հարությունյանն ու է՛լ ավելի եռանդուն շարունակում լծվել իր գործին:

Ասքանազ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Խմբագրության կողմից

Թերթի խմբագրակազմն ու ընթերցողները ջերմորեն շնորհավորում են ՀՀ ՊՆ ռազմաբժշկական ծառայության կազմակերպման ակունքներում կանգնած պրոֆեսոր Բենիկ Հարությունյանին ծննդյան տարեդարձի առթիվ, մաղթում առողջություն, աշխատանքային հաջողություններ:

ՀԱՅ ԶԻՆՎՈՐ

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԱԹԵՐԹ,  ԹԻՎ 21 (1141), էջ 7 08 – 14 ՀՈՒՆԻՍԻ 2016



Читать так же по темам:

ՏԵՂԵԿԱՏՈՒ, ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
• «ՌԵԱԲԻԼԻՏԱՑԻԱՅԻ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՏԵՍԱԿԵՏՆԵՐԸ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ» VIII ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ• Հրատարակվել է “Ռեաբիլիտացիայի ժամանակակից տեսակետները բժշկության մեջ” 8-րդ միջազգային գիտաժողովի նյութերի ժողովածուն:• “Ֆրիտյոֆ Նանսենի ոսկյա հուշամեդալով” պարգևատրման հանդիսավոր արարողություն• ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԱՐՑԱԽՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ• Մշակվել և տպագրվել է «Հայաստանի կլիման և բնական բուժ-առողջարարական ռեսուրսները» Ատլասը• Հրատարակվել է “Ռեաբիլիտացիայի ժամանակակից տեսակետները բժշկության մեջ” 5-րդ միջազգային գիտաժողովի նյութերի ժողովածուն• Երևանում անցկացվեցին ՀՀ ԱՆ ԿՖԲ ԳՀԻ կազմավորման հոբելյանական 80 ամյակին նվիրված հանդիսություններ• 2012 թվականին բուժօգնություն են ստացել 2681 հիվանդ• Հրատարակվել է “Ռեաբիլիտացիայի ժամանակակից տեսակետները բժշկության մեջ” 6-րդ միջազգային գիտաժողովի նյութերի ժողովածուն