ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԱՐՑԱԽՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ

20 դեկտեմբերի 2017 | ՏԵՂԵԿԱՏՈՒ, ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, 2017 | Цитата
 

2017թ. դեկտմեբերի 20-ին ՀՀ Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտում` Ռուսաստանի Դաշնության Բժշկատեխնիկական գիտությունների ակադեմիայի (ՌԴ ԲՏԳԱ) Հայաստանյան մասնաճյուղում տեղի է ունեցել ՌԴ ԲՏԳԱ արցախյան մասնաճյուղի բացման և նոր անդամների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը:

ՌԴ ԲՏԳԱ-ի մասնաճյուղն Արցախում բացելու գաղափարը ծնվել է Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ԳՀԻ կողմից պարբերաբար կազմակերպվող և սեպտեմբերի 13-15-ին Երևանում և Ստեփանակերտում կայացած «Ռեաբիլիտացիայի ժամանակակից տեսակետները բժշկության մեջ» խորագրով 8-րդ միջազգային գիտաժողովի ընթացքում, որին մասնակցում էին բազմաթիվ բարձրաստիճան և ճանաչված գիտնականներ ինչպես Հայաստանից և Արցախից, այնպես էլ ԱՊՀ և արտերկրներից: Ստեփանակերտ այցի շրջանակներում ՌԴ ԲՏԳԱ Արցախյան մասնաճյուղի բացման գաղափարը քննարկվել է Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի մոտ կայացած հանդիպման ժամանակ, որին ներկա են եղել Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Կարինե Աթայանը, Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ԳՀԻ տնօրեն, ՌԴ Բժշկատեխնիկական գիտությունների ակադեմիայի Հայաստանյան մասնաճյուղի նախագահ Բենիկ Հարությունյանը, ՌԴ Բժշկատեխնիկական գիտությունների ակադեմիայի փոխնախագահ Մառլեն Բոստանջյանը, Մոսկվայի առողջապահության գլխավոր ռեաբիլիտոլոգ, Բժշկական ռեաբիլտացիայի, վերականգնողական և սպորտային բժշկության Մոսկվայի ԳԳԿ տնօրեն բ.գ.դ., պրոֆ. Իրենա Պոգոնչենկովան, Հարավային Կորեայի Սոգյոնի Համալսարանի պրոֆեսոր Կիեջին Լին: Վերը նշված հարցը հավանության է արժանացել ԱՀ Նախագահ Բակո Սահակյանի կողմից:

ՌԴ ԲՏԳԱ Արցախյան մասնաճյուղի բացմանը նվիրված միջոցառմանը ներկա են եղել Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Կարինե Աթայանը, ՌԴ ԲՏԳԱ փոխնախագահ Մառլեն Բոստանջյանը,Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ԳՀԻ տնօրեն, ՌԴ ԲՏԳԱ Հայաստանյան մասնաճյուղի նախագահ Բենիկ Հարությունյանը, ինչպես նաև ՌԴ ԲՏԳԱ անդամներ, բժիշկներ Հայաստանից և Արցախից:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել բ.գ.դ., պրոֆեսոր Բենիկ Հարությունյանը, ով մասնավորապես ասել է, որ այսօրվա միջոցառման նպատակն է Ռուսաստանի Դաշնության Բժշկատեխնիկական գիտությունների Ակադեմիայի Արցախյան մասնաճյուղի բացումը, որը ունի ինչպես գիտական, այնպես էլ քաղաքական մեծ նշանակություն: Այն լայն հնարավորություններ է ստեղծում Արցախի գիտնականների համար միջազգային հարթակներում ուղիղ հաղորդակցվելու, միջազգային կառույցներում ինտեգրվելու, ճանաչված գիտնական մասնագետներին Արցախ հրավիրելու, Ռուսական և միջազգային գիտական ժողովածուներում և ամսագրերում տպագրվելու համար:

Ռուսաստանի Դաշնության բժշկատեխնիկական գիտությունների Ակադեմիայի նախագահ, ՌԴ գիտությունների վաստակավոր գործիչ Բորիս Լեոնովի հրամանով Արցախյան մասնաճյուղի նախագահ է նշանակվել Արցախի Հանրապետության առողջապահության նախարար, բ.գ.թ. Կարինե Աթայանը: Արցախյան նորաստեղծ մասնաճյուղի նախագահին և արցախցի 9 բժիշկ գիտնականների (Գարիկ Ազիրյան, Ալյոշա Մաղաքելյան, Էդիկ Ղուկասյան, Արմեն Խաչատրյան, Զոյա Մաղաքելյան, Օֆելյա Դադայան, Մարինե Թևոսյան, Անահիտ Լալայան, Գագիկ Օհանյան) հանձնվել է ՌԴ ԲՏԳԱ իսկական անդամների դիպլոմներ, վկայականներ և Չիժևսկու անվան ոսկե կրծքանշաններ:

ՌԴ ԲՏԳԱ փոխնախագահ, բ.գ.դ., պրոֆեսոր Մառլեն Բոստանջյանը ՌԴ ԲՏԳԱ Նախագահ, տեխ.գ.դ., պրոֆեսոր Բորիս Լեոնովի և իր անունից շնորհավորել է ԱՀ առողջապահության նախարարին և բոլոր ներկաներին Ակադեմիայի մասնաճյուղի ստեղծման առիթով, որը հնարավորություն կտա Արցախում աշխատող բժիշկներին, գիտնականներին ակտիվորեն մասնակցել Ակադեմիայի նախաձեռնությամբ Ռուսաստանում և արտերկրներում կազմակերպվող սեմինարներին և գիտաժողովներին, համատեղ իրականացնել գիտահետազոտական աշխատանքներ: Մառլեն Բոստանջյանը միաժամանակ առաջարկել է ընդլայնել Արցախյան մասնաճյուղը՝ ընդգրկելով Արցախի լավագույն գիտաբժշկական, հասարակական և պետական գործիչների, առողաջապահական և այլ կազմակերպությունների ներկայացուցիչների:

Արցախի առողջապահության նախարար, ՌԴ ԲՏԳԱ Արցախյան մասնաճյուղի նախագահ Կարինե Աթայանը կարևորելով մասնաճյուղի բացումը, նշել է, որ այն կնպաստի Արցախում գիտության և կիրառական բժշկության հետագա զարգացմանը, նոր հնարավորություններ կստեղծի արցախի բժիշկների համար` համագործակցելու գիտական ոլորտների ճանաչված մասնագետների հետ, ընդգրկվելու տարբեր գիտական ծրագրերում և կառույցներում, մասնակցելու Ակադեմիայի կողմից պարբերաբար կազմակերպվող միջազգային գիտաժողովներին և գիտահետազոտական աշխատանքներին: Նախարարը իր երախտագիտությունն է հայտնել ՌԴ Բժշկատեխնիկական գիտությունների ակադեմիայի նախագահ Բորիս Լեոնովին, փոխնախագահ Մառլեն Բոստանջյանին` ցուցաբերած մեծ վստահության և բարի կամքի համար, ՌԴ ԲՏԳԱ Հայաստանյան մասնաճյուղի նախագահ, Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ԳՀԻ տնօրեն Բենիկ Հարությունյանին` մասնաճյուղի ստեղծման գործում ցուցաբերած մեծ աջակցության և բարձր մակարդակով կազմակերպված հանդիսավոր ընդունելության համար:

Միջոցառման ավարտին Բենիկ Հարությունյանը և Մառլեն Բոստանջյանը ևս մեկ անգամ շնորհավորել, աջակցության պատրաստակամություն և բարի երթ են մաղթել արցախյան նորաստեղծ մասնաճյուղի նախագահ, առողջապահության նախարար Կարինե Աթայանին և բոլոր նոր անդամներին:



Читать так же по темам:

ՏԵՂԵԿԱՏՈՒ, ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
• ՄԵԾԱՎԱՍՏԱԿ ԲԺԻՇԿԸ• «ՌԵԱԲԻԼԻՏԱՑԻԱՅԻ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՏԵՍԱԿԵՏՆԵՐԸ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ» VIII ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ• Հրատարակվել է “Ռեաբիլիտացիայի ժամանակակից տեսակետները բժշկության մեջ” 8-րդ միջազգային գիտաժողովի նյութերի ժողովածուն:• “Ֆրիտյոֆ Նանսենի ոսկյա հուշամեդալով” պարգևատրման հանդիսավոր արարողություն• Մշակվել և տպագրվել է «Հայաստանի կլիման և բնական բուժ-առողջարարական ռեսուրսները» Ատլասը• Հրատարակվել է “Ռեաբիլիտացիայի ժամանակակից տեսակետները բժշկության մեջ” 5-րդ միջազգային գիտաժողովի նյութերի ժողովածուն• Երևանում անցկացվեցին ՀՀ ԱՆ ԿՖԲ ԳՀԻ կազմավորման հոբելյանական 80 ամյակին նվիրված հանդիսություններ• 2012 թվականին բուժօգնություն են ստացել 2681 հիվանդ• Հրատարակվել է “Ռեաբիլիտացիայի ժամանակակից տեսակետները բժշկության մեջ” 6-րդ միջազգային գիտաժողովի նյութերի ժողովածուն