ՖԻԶԻԿԱԿԱՆ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Կենտրոնի ղեկավար՝
Կարինե Կարապետի Խաչատրյան

Վերականգնողական բուժման համալիրում ֆիզիկական մեթոդներով բուժումը՝ ֆիզիոթերապիան հանդիսանում է ոչ դեղորայքային մեթոդներով բուժման հիմքը:
Ինստիտուտի ֆիզիկական բժշկության կենտրոնում բուժումը իրականացվում է ապարատային ֆիզիոթերապիայի ավանդական բոլոր մեթոդներով:

Հիվանդների բուժման համար կիրառվում են ապարատային ֆիզիոթերապիայի հետևյալ մեթոդները.
I. Գալվանացում և էլեկտրաֆորեզ
II. Իմպուլսային հոսանքներ՝
դիադինամոթերապիա /ԴԴԹ/,
ամպլիպուլսթերապիա /ԱԹ/,
էլեկտրոքուն,
էլեկտրոխթանում
III. Բարձր հաճախության հոսանքներ՝
բարձր հաճախության փոփոխական հոսանքներ,
ուլտրաբարձր հաճախության էլեկտրական դաշտեր,
գերբարձր հաճախության էլեկտրամագնիսական դաշտեր
IV. Ուլտրաձայնային թերապիա և ֆոնոֆորեզ
V. Ուլտրամանուշակագույն ճառագայթում
VI. Մագնիսաթերապիա
VII. Մագնիսալազերաթերապիա
VIII. Լազերաթերապիա
IX. Աէրոզոլային թերապիա
X. Ջերմաբուժություն՝ պարաֆինաթերապիա:

Ֆիզիկական բժշկության կենտրոնը համալրված է մասնագիտական բարձր որակավորում ունեցող բժիշկներով և միջին բժշկական անձնակազմով, ինչը թույլ է տալիս յուրաքանչյուր հիվանդի համար կազմել անհատական վերականգնողական բուժման պլան և իրականավնել այն:

Մասնագիտացված ֆիզիոթերապևտիկ կաբինետների աշխատանքի ճկուն ժամանակացույցը հնարավորություն է տալիս անցկացնել բուժման կուրսը սեղմ ժամկետներում:

I. Գալվանացում և դեղորայքային էլեկտրաֆորեզ
Հաստատուն հոսանքի և դրա միջոցով օրգանիզմ ներմուծվող դեղորայքի համակցված ազդեցության մեթոդ: Ներմաշկային ճանապարհով ներմուծված դեղորայքը և կենսաբանորեն ակտիվ բնական միացությունները ավշային և արյան ընդհանուր շրջանառության մեջ հետագա ներթափանցմամբ առաջացնում են մաշկի նյարդային վերջավորությունների անընդհատ և երկարատև գրգռում, ինչը ազդում է տեղային հյուսվածքային նյութափոխանակության վրա:
Ֆիզիկական բժշկության կենտրոնում նվազագույնի է հասցված դեղորայքային միջոցների օգտագործումը, ինչը հնարավորություն է տալիս խուսափել դրանց կողմնակի ազդեցությունից և ալերգիկ ռեակցիաներից:
Էլեկտրաֆորեզի և ֆոնոֆորեզի միջոցով մաշկային ճանապարհով օրգանիզմի վրա բուժական ազդեցության նպատակով կիրառվում են ինստիտուտի բնական ռեսուրսների ուսումնասիրման և էկոլոգիական բժշկության կենտրոնի կողմից մշակված՝
- էկոլոգիապես մաքուր կենսաակտիվ «Թավիշ» տորֆը՝ БАК-1
- Ջերմուկ հանքային ջրի կոշտ աղանստվածքը՝ БАК-2
Պրոտեոլիտիկ ֆերմենտների կիրառումը էլեկտրաֆորեզի և ֆոնոֆորեզի միջոցով:
Տոմսկի բժշկական ինստիտուտի կողմից մշակված'
- էկոլոգիապես մաքուր նյութ «Էսոբել»- տիղմա-սուլֆիդային ցեխի մզվածք, որը պարունակում է մակրո- և միկրոտարրերի, ամինոթթուների և այլ կենսաբանորեն ակտիվ միացությունների պոլիվալենտ համալիր:

II. Իմպուլսային հոսանքներ
1. Դիադինամոթերապիա՝ ԴԴԹ – էլեկտրաբուժություն 50 և 100 հերց հաճախությամբ կիսասինուսոիդալ հաստատուն իմպուլսային հոսանքներով և դրանց համակցմամբ: Օգտագործվում են ԴՏ-50-3, «Տոնուս 1» սարքավորումներ:
Իմպուլսային բուժումը ցուցված է տարբեր ծագում ունեցող ցավային ախտանիշերի ժամանակ՝
- վնասվածքներ՝ սալջարդ, կապանների ձգում
- նևրիտներ, ռադիկուլիտներ, ներվերի, ներվարմատների բորբոքումներ, օստեոխոնդրոզներ, հոդաբորբեր, արթրոզներ,
- գինեկոլոգիական հիվանդություններ
- մարսողական համակարգի հիվանդություններ
- Ռեյնոյի հիվանդություն
- մկանների տարբեր խմբերի էլեկտրոխթանում պարեզների ժամանակ:
Հակացուցումներ՝ հոսանքի անհատական անընկալունակություն, ոսկրերի և հոդերի կոտրվածքներ, կապանների լրիվ պատռվածք, արյունազեղումներ, լեղաքարային և միզաքարային հիվանդություններ, թրոմբոֆլեբիտ:
2. Ամպլիպուլսթերապիա՝ ԱԹ – բուժական մեթոդ, որի ժամանակ օգտագործվում է 5000 հց հաճախությամբ սինուսոիդալ իմպուլսային հոսանք, մոդուլացված 10-150-ից ցածր հաճախությամբ հոսանքով:
Օգտագործվում են «Ամպլիպուլս-4», «Ամպլիպուլս-5» սարքավորումներ:
3. Էլեկտրոքուն-էլեկտրաբուժման մեթոդ, որի ժամանակ օգտագործվում են 1-150 հց-ից ցածր հաճախությամբ 0,4-2 վրկ տևողությամբ, 4-8 mA ամպլիտուդով ուղղանկյունաձև իմպուլսային հոսանքներ:
Ցուցումներ.
- ներվային և հոգեկան հիվանդություններ՝ նևրոզներ, շիզոֆրենիայի որոշ ձևեր, գլխուղեղի աթերոսկլերոտիկ և հետտրավմատիկ հիվանդություններ
- հիպերտոնիկ հիվանդություն
- նեյրոցիրկուլյատոր դիստոնիա
- սրտի իշեմիկ հիվանդություն /ՍԻՀ/
- էնդարտերիտներ
- ստամոքսի և 12-մատնյա աղիքի խոցային հիվանդություն, գաստրիտներ
- բրոնխիալ ասթմա
- ռևմատոիդ արթրիտ:
Հակացուցումներ՝
- աչքերի հիվանդություններ
- բարձր կարճատեսություն
- գլխուղեղում մետաղական բեկորների առկայություն
- դեմքի թաց դերմատիտներ
- արախնոիդիտ
- հոսանքի անհատական անընկալություն:
Օգտագործվում է «ԷՍ-10» սարքավորումը:
4. Էլեկտրոխթանում – էլեկտրաբուժում տարբեր իմպուլսային հոսանքների օգտագործմամբ նյարդա-մկանային համակարգի ֆունկցիայի վերականգնման նպատակով:
Օգտագործվում են «Ֆիզիոտրոն 0-2» «Ամպլիպուլս-4», «Ամպլիպուլս-5» սարքավորումներ:
Ցուցումներ՝
- նևրիտներ, պոլիոմիելիտի հետևանքներ
- ողնաշարի վնասվածքներ ողնուղեղի ախտահարումով
- հետինսուլտային պարեզներ
- աֆոնիա կոկորդի մկանների պարեզի հետևանքով
- շնչառական մկանների մասնակի պարեզ
- տարբեր էթիոլոգիայի մկանային ատրոֆիա
- ներքին օրգանների՝ ստամոքսի, աղիքների, միզապարկի, հարթ մկանների ատոնիա:
Հակացուցումներ՝
- լեղաքարային հիվանդություն
- միզաքարային հիվանդություն
- որովայնի խոռոչի օրգանների սուր ախտահարումներ
- մկանների ջղաձգային վիճակ
- հոդերի անկիլոզ
- ոսկրերի կոտրվածքներ՝ մինչև դրանց կոնսոլիդացումը:

III. Բարձր հաճախականության հոսանքներ
Բուժական նպատակներով կիրառվող բարձր հաճախականության էլեկտրամագնիսական տատանումների հաճախականությունը գտնվում է 30 կհց – 30000 մհց սահմաններում, այսինքն ռադիոալիքների դիապազոնում:
1. Բարձր հաճախականության փոփոխական հոսանքների ազդեցություն՝
1.1 դարսոնվալացում – էլեկտրաբուժում բարձր հաճախությամբ՝ 100 կհց, բարձր լարումով՝ 20կվ և փոքր ուժով՝ 0,02 մA, փոփոխական իմպուլսային հոսանքով: Ազդող գործոնը կայծային պարպումն է էլեկտրոդների և հիվանդի մարմնի միջև:
Օգտագործվում է «Իսկրա-1» սարքավորումը:
Ցուցումներ՝
- անոթային հիվանդություններ՝ պերիֆերիկ անոթների անգիոսպազմ,
- ստորին վերջույթների և հեմորոիդալ երակների վարիկոզ լայնացում
- Ռեյնոյի հիվանդություն
- մաշկային հիվանդություններ՝ քորվող դերմատոզներ, պսորիազ, նեյրոդերմիտ,
- ստոմատոլոգիական հիվանդություններ՝ պարոդոնտոզ, խրոնիկական գինգիվիտ, ստոմատիտ
- քիթ-կոկորդ-ականջի հիվանդություններ՝ վազոմոտոր ռինիտ, լսողական ներվի նևրիտ:
Հակացուցումները նույնն են, ինչ որ այլ ֆիզիոթերապևտիկ պրոցեդուրաների համար, ինչպես նաև հոսանքի անհատական անընկալություն:
1.2 Ուլտրատոնոթերապիա - բուժման նոր մեթոդ, որի ժամանակ օգտագործվում է վերտոնային՝ վերձայնային, հաճախականությամբ՝ 22 կհց, բարձր լարումով՝ 3-5 կվ, մինչև 10 վատտ ելքային հզորությամբ փոփոխական սինուսոիդալ հոսանք:
Ազդող գործոնը նույնպես էլեկտրական պարպումն է, սակայն հոսանքի մեծ հզորության հետևանքով տեղի է ունենում էնդոգեն ջերմության գոյացում, ուստի հակաբորբոքային ազդեցությունը ավելի արտահայտված է: Օգտագործվում է ՏՆՉ-10-1 սարքավորումը:
2. Ուլտրաբարձր հաճախականության էլեկտրական դաշտերի ազդեցություն: ՈւԲՀ- բուժում- էլեկտրաբուժում, որի ժամանակ հիվանդի օրգանիզմի վրա ազդում է բարձր՝ 27,2 մհց, կամ ուլտրաբարձր՝ 40,68 մհց, հաճախականությամբ անընդհատ կամ իմպուլսային էլեկտրական դաշտ:
Ցուցումներ՝
- բորբոքային հիվանդություններ, ներառյալ թարախային պրոցեսներ՝ թարախակույտ, ֆուրունկուլ, կարբունկուլ
- ներքին օրգանների ենթասուր բորբոքային հիվանդություններ՝ բրոնխիտ, խոլեցիստիտ, թոքաբորբ
- գինեկոլոգիական հիվանդություններ
- քիթ-կոկորդ-ականջի հիվանդություններ՝ օտիտ, անգինա, հայմորիտ, ֆրոնտիտ:
Օգտագործվում են «ՈՒՎՉ-30», «ՈՒՎՉ-66», «ՈՒնդատերմ» սարքավորումները: 
Հակացուցումներ՝
- արյունահոսության հակում
- արտահայտված հիպոտոնիա
- տենդային վիճակներ
- հղիություն
- ինսուլտ
- աորտայի անևրիզմա
- այն հիվանդներին, որոնց աշխատանքը կապված է բարձր, ուլտրա- և գերբարձր հաճախականության գեներատորների հետ:
3. Գերբարձր հաճախականության էլեկտրամագնիսական դաշտերի ազդեցություն՝ ԳԲՀ:
ԳԲՀ՝ միկրոալիքային թերապիա, ՝ էլեկտրաբուժում, որի ժամանակ հիվանդի վրա ազդում են 1 մմ մինչև 1 մ ալիքի երկարությամբ կամ համապատասխանաբար 300-3000 մհց հաճախությամբ էլեկտրամագնիսական տատանումներ:
Բուժական պրակտիկայում կիրառվում են դեցիմետրային՝ 0,1-1դմ, և սանտիմետրային՝ 1-10սմ, դիապազոնի միկրոալիքներ: Տարբերում են ԳԲՀ բուժման դեցիմետրաալիքային՝ ԴՄԱ, և սանտիմետրաալիքային՝ ՍՄԱ տեսակները:
Միկրոլիքները գրավում են միջանկյալ դիրք ուլտրաբարձր դիապազոնի էլեկտրամագնիսական ալիքների և ինֆրակարմիր ճառագայթների միջև: ՍՄԱ-ի էներգիան թափանցում է հյուսվածքներ 5-6 սմ, իսկ ԴՄԱ-ն 10-12 սմ խորությամբ: ՍՄԱ-ի ազդեցության ժամանակ ջերմագոյացումը ավելի արտահայտված է հյուսվածքների մակերեսային շերտերում, իսկ ԴՄԱ-ի՝ այն տեղի է ունենում հավասարաչափ՝ ինչպես մակերեսային, այնպես էլ խորանիստ հյուսվածքներում:
Միկրոալիքային թերապիայի ցուցումներ.
- հենաշարժողական ապարատի դեգեներատիվ-դիստրոֆիկ և բորբոքային հիվանդություններ՝ արթրոզ, արթրիտ, օսթեողոնդրոզ և այլն
- սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ՝ հիպերտոնիկ հիվանդություն, ՍԻՀ, գլխուղեղի անոթների աթերոսկլերոզ և այլն
- թոքային հիվանդություններ՝ բրոնխիտ, թոքաբորբ, բրոնխիալ ասթմա
- փոքր կոնքի բորբոքային հիվանդություններ՝ սալպինգո-օֆորիտ, ադնեքսիդ, պրոստատիտ
- աղե-ստամոքսային տրակտի խրոնիկական հիվանդություններ՝ ստամոքսի և 12-մատնյա աղիքի խոցային հիվանդություն, խոլեցիստիտ, հեպատիտ
- քիթ-կոկորդ-ականջի հիվանդություններ՝ տոնզիլիտ, օտիտ, ռինիտ
- մաշկային հիվանդություններ՝ ֆուրունկուլ, հիդրոդենիտ, տրոֆիկ խոցեր, հետվիրահատական ինֆիլտրատներ
Հակացուցումներ՝
- թիրեոտոկսիկոզ
- կատարակտա, գլաուկոմա
- նույնը, ինչ որ բարձր հաճախականության բուժման այլ ձևերի ժամանակ
Օգտագործվում են ՍՄԱ-թերապիա-«ԼՈՒՉ-58»-ստացիոնար, «ԼՈՒՉ-2»-շարժական, ԴՄԱ-թերապիա- «Վոլնա-2»-ստացիոնար, «Ռոմաշկա»-շարժական սարքավորումները:

IV. Գերձայնային բուժում և դեղանյութերի ֆոնոֆորեզ
Գերձայնային բուժումը մեթոդ է, որի ժամանակ բուժական նպատակով օգտագործվում են 800-3000 կհց հաճախությամբ մեխանիկական տատանումներ: Օրգանիզմի վրա գերձայնը ունի մեխանիկական, ջերմային և ֆիզիկո-քիմիական ազդեցություն:
Ցուցումներ՝
- հենաշարժողական ապարատի հիվանդություններ՝ արթրիտ, արթրոզ, ռևմատոիդ արթրիտ
- պերիֆերիկ նյարդային համակարգի հիվանդություններ
- մարսողական օրգանների հիվանդություններ՝ ստամոքսի և 12-մատնյա աղիքի խոցային հիվանդություն
- աչքերի հիվանդություն
- քիթ-կոկորդ-ականջի հիվանդություններ
- միզասեռական օրգանների հիվանդություններ
- գինեկոլոգիական հիվանդություններ
- ստոմատոլոգիական հիվանդություններ
Հակացուցումներ՝
- ֆիզիոթերապևտիկ բուժման ընդհանուր հակացուցումներ
- ՍԻՀ ստենոկարդիայի նոպաներով և առիթմիայով
- Հիպերտոնիկ հիվանդություն 2-րդ և 3-րդ աստիճան
- թրոմբոֆլեբիտ
Ուլտրաֆոնոֆորեզ կամ ֆոնոֆորեզ - ուլտրաձայնով դեղորայքի ներմուծումը օրգանիզմ:
Օգտագործվում են «ԼՕՐ-2», «ՈւԶՏ-101» սարքավորումները:

V. Ուլտրամանուշակագույն ճառագայթում' ընդհանուր և տեղային
Լուսաբուժությունը ֆիզիոթերապևտիկ մեթոդ է, որի ժամանակ օրգանիզմի վրա ազդում է դոզավորված ինֆրակարմիր, տեսանելի կամ ուլտրամանուշակագույն ճառագայթումը: Ալիքների երկարության օպտիկական դիապազոնում ուլտրամանուշակագույն ճառագայթումը զբաղեցնում է 100-380 նմ հատվածը, որը բաժանվում է 3 մասի՝ С – կարճալիքային՝ 100-280 նմ, В-միջին ալիքային՝ 280-315 նմ, А-երկարալիքային՝ 315-380 նմ: Բուժական և կանխարգելիչ նպատակներով կիրառվում է 235-380 նմ ալիքի երկարությամբ ուլտրամանուշակագույն ճառագայթումը, որը թափանցում է հյուսվածքների մակերեսային շերտերը 0,1-1 մմ խորությամբ:
Ցուցումեր՝
- ներքին օրգանների հիվանդություններ՝ տրախեիտ, բրոնխիտ, թոքաբորբ, բրոնխիալ ասթմա, պլևրիտ, ստամոքսի և 12-մատյա աղիքի խոցային հիվանդություն
- հենաշարժողական ապարատի հիվանդություններ՝ արթրիտ, սպոնդիլյոզ, ոսկրերի կոտրվածքների հետևանքներ
- պերիֆերիկ նյարդերի վնասվածքներ, պոլինևրիտներ - մաշկային հիվանդություններ՝ էկզեմա, պսորիազ, տևական չլավացող վերքեր և խոցեր, կարմիր քամի:
Հակացուցումներ՝
- չարորակ նորագոյացումներ
- արյունահոսությունների միտում
- թիրեոտոկսիկոզ
- կարմիր գայլախտ
- կախեքսիա
- երիկամների ֆունկցիոնալ անբավարարություն
Օգտագործվում են «ՕԿՌ-21մ», «ՕՆ-7»:

VI. Մագնիսաթերապիա
Ֆիզիոթերապևտիկ մեթոդ, որի ժամանակ մարդու օրգանիզմի վրա ազդում է հաստատուն կամ փոփոխական ցածր հաճախականությամբ մագնիսական դաշտը: Մագնիսական դաշտը ազդում է շարժվող լիցքավորված մասնիկների վրա, ներգործելով ֆիզիկա-քիմիական և բիոքիմիական պրոցեսներին: Հաստատուն մագնիսական դաշտի ազդեցության ներքո կարգավորվում է կենտրոնական նյարդային համակարգի գործունեությունը: Փոփոխական մագնիսական դաշտը ուժեղացնում է արգելակման պրոցեսները կենտրոնական նյարդային համակարգում:
Ցուցումներ՝
- սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ՝ ՍԻՀ, հիպերտոնիկ հիվանդության առաջին փուլ
- պերիֆերիկ անոթների հիվանդություններ՝ օբլիտերացնող էնդարտերիտ, ստորին վերջույթների անոթների աթերոսկլերոզ, երակային խրոնիկական անբավարարություն տրոֆիկ խոցերի առկայությամբ, թրոմբոֆլեբիտ
- մարսողական օրգանների հիվանդություններ՝ ստամոքսի և 12-մատնյա աղիքի խոցային հիվանդություն
- հենաշարժողական ապարատի հիվանդություններ՝ օստեոարթրիտ, ռևմատոիդ արթրիտ
- կենտրոնական նյարդային համակարգի հիվանդություններ՝ ուղեղի արյան շրջանառության խանգարման հետևանքներ, գանգ-ուղեղային վնասվածքներ
- մաշկային հիվանդություններ՝ ալերգիկ և քորվող դերմատոզ, նեյրոդերմիա և այլն:
Հակացուցումներ՝
- հիպոտոնիա
- նեյրոցիրկուլյատոր դիստոնիա արյան ճնշման տատանումներով
- արյունահոսությունների միտում
- արյան ցածր մակարդելիություն:
Հակացուցված է այն անձանց, որոնք առնչվում են մագնիսական դաշտերի հետ:

VII. Մագնիսա - ինֆրակարմիր լազերային՝ քվանտային, թերապիա 
Ինֆրակարմիր ալիքների իմպուլսային լազերային ճառագայթման, անընդհատ ինֆրակարմիր ճառագայթման, տեսանելի լույսի ճառագայթման և հաստատուն մագնիսական դաշտի միաժամանակյա բուժական ազդեցություն: Քվանտային թերապիան չափազանց թույլ էներգետիկ ազդեցություն ունի կենսահյուսվածքների վրա:
Ցուցումները և հակացուցումները նույնն են, ինչ որ ֆիզիոթերապևտիկ մյուս պրոցեդուրաների համար:
Օգտագործվում են «Ռուսլան», «ԱՄԼՏ-01», «Ռիկտա 04/4» սարքավորումները:

VIII. Լազերաթերապիա
Լազերաթերապիան - ցածր ինտենսիվության /ցածր էներգետիկ/ լազերային ճառագայթման օգտագործումն է բուժական և վերականգնողական նպատակով: Լազերային ճառագայթման աղբյուրը օպտիկական քվանտային գեներատոր - լազերներն են: Ի տարբերություն վիրաբուժության բնագավառի ֆիզիոթերապիայում կիրառվում են միայն ցածր էներգետիկ ճառագայթման լազերներ, որոնց հոսանքի խտության հզորությունը մինչև 75 մվ/քառ.սմ:
Լազերային ճառագայթման բնորոշ առանձնահատկություններն են՝ միագույնություն, խիստ կանոնավորվածությունը, բևեռացվածությունը: Լազերային ճառագայթները ունեն արտահայտված հակաբորբոքային ազդեցություն, որը պայմանավորված է արյան շրջանառության լավացումով, բորբոքային օջախի նյութափոխանակության ակտիվացմամբ, հյուսվածքների այտուցվածության իջեցմամբ, ացիդոզի և հիպօքսիայի զարգացման կանխարգելմամբ:
Ցուցումներ՝
- վիրաբուժական հիվանդություններ՝ տրոֆիկ խոցեր, տևական չլավացող և վարակված վերքեր, մաշկի թարախային բորբոքային հիվանդություններ, պարապրոկտիտ, հետանցքի ճեղքեր, թութք, օստեոմիելիտ
- օբլիտերացնող էնդարտերիտ, ստորին վերջույթների շաքարախտային անգիոպատիա, ֆլեբիտներ
- հենաշարժողական ապարատի հիվանդություններ՝ արթրիտ, պերիարթրիտ, ոսկրերի կոտրվածքներ, էպիկոնդիլիտ, դեֆորմացնող օսթեոարթրոզ, ռևմատոիդ արթրիդ
- մաշկային հիվանդություններ՝ քորվող դերմատոզ, էկզեմա, կելոիդ սպիներ, հերպես, ֆուրունկուլյոզ
- ստոմատոլոգիական հիվանդություններ՝ պարոդոնտոզ, պերիդոնտիտ, գինգիվիտ, ստոմատիտ, բերանի խոռոչի լորձաթաղանթի վնասվածքներ
- ներքին օրգանների հիվանդություններ՝ բրոնխիտ, թոքաբորբ, բրոնխիալ ասթմա, ՍԻՀ, միոկարդիտ, արտերիալ հիպերտենզիա 1-ին և 2-րդ աստիճանի, ստամոքսի և 12-մատյա աղիքի խոցային հիվանդություն, լեղուղիների դիսկինեզիա, խոլեցիստիտ, կոլիտ
- նյարդային համակարգի հիվանդություններ'դիմային ներվի նեյրոպատիա, եռորյակ ներվի նևրալգիա, միգրեն, մանկական ցերեբրալ կաթված, պերիֆերիկ նյարդերի վնասվածքներ, վեգետո-անոթային դիստոնիա
- գինեկոլոգիական հիվանդություններ՝ սուր և խրոնիկական բորբոքային հիվանդություններ, արգանդի վզիկի էրոզիա, մաստիտ, կաթնագեղձերի պտուկների ճեղքեր և այտուց
- քիթ-կոկորդ-ականջի բորբոքային հիվանդություններ
Հակացուցումներ՝
- սուր բորբոքային հիվանդություններ
- ակտիվ տուբերկուլյոզ
- բարորակ և չարորակ նորագոյացություններ
- արյան հիվանդություններ
- վարակիչ հիվանդություններ
- թիրեոտոկսիկոզ
- սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ
- անհատական անընկալունակություն
Օգտագործվում են «ԼՄ-630», «ՈւԼՖ-01» սարքավորումները:

IX. Աէրոզոլային թերապիա
Դեղանյութերի աէրոզոլների օգտագործում բուժական, կանխարգելիչ և վերականգնողական նպատակով: Առավել հաճախ կիրառվում է ինհալյացիան՝ դեղանյութի աէրոզոլային ձևով ներմուծումը շնչառական համակարգով:
Աէրոզոլները դիսպերս համակարգեր են, կազմված գազային միջավայրում կախված պինդ կամ հեղուկ մանրագույն մասնիկներից: Ինհալյացիայի համար օգտագործում են գոլորշու, տաք խոնավ, խոնավ, յուղային, փոշիների ձևով աէրոզոլներ և ֆիտոմիջոցներ: Ինհալյացիայի ձևով կարող են ներմուծվել տարբեր բուսական յուղեր /դեղձի, նուշի, չիչխանի/ և հանքային ջրեր:
Բուժական ազդեցությունը - շնչառական ուղիների դրենաժային ֆունկցիայի լավացում, վերին շնչուղիների և բրոնխիալ ծառի վարակազերծում, այտուցի քչացում, շնչառական ուղիների լորձաթաղանթի միկրոցիրկուլյացիայի լավացում:
Օգտագործվում է «ՈւԻ-1» սարքավորումը:

X. Ջերմաբուժություն. Պարաֆինաթերապիա
Պարաֆինաթերապիան ջերմաբուժության մեթոդ է, որի ժամանակ որպես ջերմության կրող օգտագործվում է տաքացրած պարաֆինը: Բուժական նպատակով օգտագործվում է զտված, սպիտակ, լավ ջրազրկված պարաֆին, որի հալման ջերմաստիճանը 50-570C, եռմանը՝ 350-560oC:
Հիմնական բուժական ազդեցությունը՝ հակաբորբոքային, նյութափոխանակությունը կարգավորող, սնուցող, ներծծող, հակակծկումային:
Ցուցումներ՝
- հենաշարժողական ապարատի և պերիֆերիկ նյարդային համակարգի վնասվածքների հետևանքներ
- ներքին օրգանների հիվանդություններ
- կանացի սեռական օրգանների խրոնիկական բորբոքային հիվանդություններ
- մաշկային հիվանդություններ՝ այդ թվում սպիական փոփոխություններ
- այրվածքներ, ցրտահարություն
- Ռեյնոյի հիվանդություն
Հակացուցումներ՝
- սուր բորբոքային պրոցեսներ
- ՍԻՀ
- արտահայտված աթերոսկլերոզ
- խրոնիկական գլոմերուլոնեֆրիտ
- լյարդի ցիռոզ
- ձվարանների կիստա
- թիրեոտոկսիկոզ
- վարակիչ հիվանդություններ
- հղիության երկրորդ կես
- լակտացիայի ժամանակաշրջան:

Հեռ.՝ (+37410) 26-60-00, ներքին 1-08, 1-33