ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Կենտրոնի ղեկավար`
Սաթենիկ Թաթուլի Կարապետյան

Ինստիտուտի առողջության պահպանման կենտրոնում /ԱՊԿ/ գործում են հետևյալ գործառական բաժինները՝
1. Ընդունարան
2. Մատենավարման
3. Նեղ մասնագետների խորհրդատվական կաբինետներ /գինեկոլոգ, մաշկաբան, քիթ-կոկորդ-ականջաբան, ատամնաբույժ, մանկաբույժ, ակնաբույժ/:

Կենտրոնի հիմնական գործունեությունը' խորհրդատվություններ, հիվանդների ընդունում, տեղավորում և դուրս գրում: Ինստիտուտում իրականացվում են վերականգնողական բժշկական օգնության և սպասարկման հետևյալ ծառայությունները.

  • վերականգնողական ստացիոնար բուժում /պետ.պատվերով և վճարովի հիմունքներով/
  • վերականգնողական ցերեկային ստացիոնար բուժում /պետ.պատվերով և վճարովի հիմունքներով/
  • վերականգնողական ամբուլատոր բուժում /վճարովի հիմունքներով/
  • մոնոթերապիա' բուժական մեկ կամ մի քանի գործոններով /ֆիզիո- բալնեո- գործոն, ասեղնաբուժություն, առողջարարական կամ բուժական մերսում, ԲՄՄ և այլն/ բուժում /վճարովի հիմունքներով/
  • խորհրդատվություն /վճարովի հիմունքներով/
  • բուժ-ախտորոշիչ հետազոտությունների անց կացում /վճարովի հիմունքներով/

Հիվանդների ընդունելության կարգը

Բոլոր այն հիվանդները կամ պայմանական առողջ մարդիկ, որոնք ինստիտուտ են ընդունվում բուժման, հետազոտության, խորհրդատվության կամ բուժ-կանխարգելիչ պրոցեդուրաներ ստանալու նպատակով, պետք է դիմեն Առողջության պահպանման կենտրոնի ընդունարան, որտեղ լրացվում է նրանց անձնագրային-անկետային տվյալները և բացվում պատմագիր կամ քարտ:
Ինստիտուտի ԱՊԿ-ում գործում է ընդունող հանձնաժողով: Հիվանդները պարտադիր անցնում են առաջնային բժշկական զննում համապատասխան պրոֆիլային մասնագետի կամ մասնագետների, մաշկա-վեներոլոգի, գինեկոլոգի, իսկ 40 տարեկանից բարձր տղամարդիկ ուրոլոգի կողմից և հակացուցումների բացակայության դեպքում, ընդունող հանձնաժողովի եզրակացության հիման վրա, ընդունվում համապատասխան բաժանմունք:

Ինստիտուտում հիվանդների ընդունելությունը և բուժումը իրականացվում է`

1. Պետական պատվերի շրջանակներում՝ ՀՀ կառավարության “Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման մասին” 2004թ. N318-ն որոշման (որոշումը խմբ. 26.12.2013թ. N1515-Ն) և ՀՀ ԱՆ կողմից հաստատված 2013 թվականի նոյեմբերի 18-ի N 71-Ն հրամանով հաստատված “Բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար և (կամ) արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման տրամադրման” չափորոշիչի համաձայն: ՀՀ առողջապահության նախարարի N 1808 -Ա հրամանով հաստատված է “Պետական պատվերի շրջանակներում առաջնային /ամբուլատոր-պոլիկլինիկական/ բուժօգնության տրամադրման չափորոշիչ”-ները, որտեղ մանրամասնորեն շարադրված է ինչպես վերականգնողական բուժման կազմակերպման և իրականացման, այնպես էլ մասնագիտական բուժօգնության ուղեգրման գործընթացները:

  • Պետ.պատվերով վերականգնողական ստացիոնար բուժում ստանալու ժամանակ հիվանդները պետք է ներկայացնեն անձնագիր, պետ.պատվերով բուժվելու իրավունք տվող փաստաթուղթ, ուղեգիր պոլիկլինիկայից, առողջապահության նախարարությունից, ամբուլատոր և այլ բուժ. հիմնարկություններից' համաձայն հաստատված ձևերի
  • վերականգնողական բուժման կարիք ունեցող հիվանդների ուղեգրումը կատարվում է տարածքային ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատության համապատասխան մասնագետների կողմից (II.21 կետ 2), հաշվի առնելով վերականգնողական բուժման ցուցումները և հակացուցումները (II.21 կետ 11) վերականգնողական բուժման համար ուղեգրվող հիվանդների ոչ ճիշտ ընտրության դեպքում պատասխանատվությունը կրում է համապատասխան ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպության տնօրինությունը (II.21 կետ 3)
  • վերականգնողական բուժման կարիք ունեցող անձինք այդ հնարավորությունից կարող են օգտվել ոչ շուտ, քան երկու տարին մեկ անգամ, բացառությամբ այն դեպքերի, երբ նոր են դուրս գրվել հիվանդանոցից և ունեն հատուկ բժշկական ցուցումներ (II.21 կետ 4)
  • վերականգնողական բուժման մեթոդները և տեսակները որոշվում են համապատասխան մասնագետների կողմից' հիմք ընդունելով հիվանդի ախտորոշումը և ընդհանուր վիճակը: (II.21 կետ 6.1)
  • անհատական խնամքի կարիք ունեցող հաշմանդամների ուղեկցողներին պետական պատվերի շրջանակներում ուղեգրեր չեն հատկացվում (II.21 կետ 7)
  • ամբուլատոր քարտերի հիման վրա կազմված էպիկրիզները պետք է պարտադիր ներառեն տեղամասային պոլիկլինիկայում կամ այլ ԲՊՀ իրականացրած հիվանդի հետազոտությունների /կլինիկա-լաբորատոր և գործիքային/ տվյալները և արդյունքները (արյան, մեզի, արյան մեջ խոլեստերինի և պրոթրոմբինի բաղադրության հետազոտության, ՄՌՊ-թեստ' ռիսկի խմբի հիվանդների համար, ԷՍԳ, անհրաժեշտության դեպքում ռենտգեն-հետազոտության):
  • ՀՀ կառավարության /2004թ. N318-ն որոշման հավելված 4/ “Բուժհաստատություններում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման նպատակով բնակչության հերթագրման” կարգի համաձայն իրականացվում է հիվանդների հերթագրում: Ինստիտուտում պլանավորվում է օրական ընդունվող հիվանդների քանակը և ամսեկան ընդունելությունը նախորոք կազմված ցուցակների և գրանցման հիման վրա:

2. Վճարովի հիմունքներով

  • վճարովի հիմունքներով վերականգնողական ստացիոնար, ցերեկային ստացիոնար կամ ամբուլատոր բուժում անց է կացվում վճարովի ուղեգրերի առկայության դեպքում,
  • բուժման ընդունվելիս հիվանդները պետք է ներկայացնեն անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ,
  • վճարովի հիվանդների նախնական հերթագրում չի կատարվում, ազատ հիվանդասենյակի առկայության դեպքում կարող են ընդունվել անմիջապես,
  • վերականգնողական բուժում ստանալու նպատակով հիվանդները անցնում են համապատասխան մասնագետների առաջնային զննում և հետազոտություններ, անհրաժեշտության դեպքում բուժող բժիշկը նրանց կարող է ուղեգրել ինստիտուտի առաջատար մասնագետների խորհրդատվության, որի արդյունքում դրվում է նախնական ախտորոշում: Վերականգնողական բուժման ցուցումների առկայության դեպքում, ընդունող հանձնաժողովի եզրակացության հիման վրա, լրացվում է ուղեգիր և վճարվում ուղեգրի արժեքը, որից հետո հիվանդը ընդունվում է համապատասխան բաժանմունք,
  • բուժման ընթացքում լրացուցիչ հետազոտությունների և ուղեկցող հիվանդությունների բուժման անհրաժեշտության դեպքում, հիվանդը վճարում է լրացուցիչ գումար:
  • վճարովի խորհրդատվությունները անց են կացվում առաջատար մասնագետների կողմից միայն ինստիտուտի դրամարկղ համապատասխան գումար վճարելուց հետո:
  • հիվանդները բուժական մեկ կամ մի քանի գործոններով /ֆիզիո- բալնեո- գործոն, ասեղնաբուժություն, առողջարարական կամ բուժական մերսում, ԲՄՄ և այլն/ բուժում են ստանում պարտադիր գրանցումից և համապատասխան հետազոտություններից հետո:
  • վերականգնողական բուժում վճարովի հիմունքներով, անհրաժեշտության դեպքում, հնարավոր է կազմակերպել և իրականացնել տնային պայմաններում:
  • Հիվանդների ընդունելությունը իրականացնում է համաձայն Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ԳՀԻ-ում մշակված և հաստատված հիվանդների վերականգնողական բուժման հիմնական բժշկական ցուցումների և հակացուցումների ցանկի:

Վերականգնողական բուժման արժեքը ներառում է ինստիտուտում իրականացվող բուժական և ախտորոշիչ պրոցեդուրաները, մասնագետների կոնսուլտացիաները, բուժական սննդի և համապատասխան պալատում տեղավորվելու գները: Արժեքը կախված է բուժական ծրագրից /ստանդարտ, ինտենսիվ անհատական, ախտորոշիչ և այլն/ և հիվանդի տեղավորման պայմաններից /սովորական պալատ, լյուքս և այլն/:

Բուժման մեթոդը՝ բրիգադային, մուլտիդիսցիպլինար:

Կենտրոնում աշխատանքը ապահովում են բարձր մասնագիտական որակավորում ունեցող 7 բժիշկ, 5 բուժքույր և կրտսեր բուժ. անձնակազմը: Կենտրոնի բժիշկները հիվանդների հետ անց են կացնում ամենօրյա զրույց առողջ ապրելակերպի մասին:

Հ Ի Շ Ե Ց ՈՒ Մ

Ինստիտուտում հաստատված բուժական գործընթացի պահպանումը հանդիսանում է արդյունավետ բուժման կարևորագույն պայմաններից մեկը: Հաստատված ռեժիմի խախտման դեպքում հիվանդը դուրս է գրվում ինստիտուտից, վճարված գումարը չի վերադարձվում:

Ինստիտուտում բուժվող հիվանդը պատասխանատվություն է կրում հիվանդասենյակի գույքի պահպանման և օգտագործման համար: Գույքի փչացման դեպքում հիվանդը պետք է այն վերականգնի իր ուժերով: Հիվանդները պարտավոր են պահպանել անվտանգության պահանջները:

Դրամի և թանկարժեք իրերի կորուստի դեպքում տնօրինությունը պատասխանատվություն չի կրում:

Լռությունը լավագույն դեղորայքն է: Մի խանգարեք Ձեր և Ձեզ շրջապատողների հանգիստը բարձրաձայն խոսակցություններով և աղմկոտ խաղերով:

Ձեր նկատմամբ և Ձեր բուժման ընթացքում տեղ գտած թերությունների, թյուրիմացությունների դեպքում պետք է դիմել բուժող բժշկին կամ բաժանմունքի վարիչին: