ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԷՋԵՐ

Ավելի քան 80-ամյա պատմություն ունեցող “Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտը” (ԿՖԲ ԳՀԻ) հանրապետությունում կլինիկական ուղղվածությամբ ստեղծված գիտահետազոտական առաջին կենտրոններից է: Հանրապետությունում կուրորտաբանության և ֆիզիոթերապիայի կայացումն ու զարգացումը, ճանաչման ու բարձր գնահատականի արժանանալը ինստիտուտի հիմնադիրների և ողջ կոլեկտիվի բազմամյա բեղմնավոր աշխատանքի արդյունքն է:
Ինստիտուտի ստեղծման և կայացման գործում մեծ է Հայաստանի կուրորտաբանության և ֆիզիոթերապիայի հիմնադիրներ, հայկական բժշկագիտության ճանաչված ներկայացուցիչներ' ակադ. Լ.Ա.Հովհաննիսյանի, պրոֆ. Լ.Ն.Գյանջեցյանի, պրոֆ. Ա.Ա.Մելիք-Ադամյանի, պրոֆ. Ա.Ա.Հակոբյանի, պրոֆ. Գ.Ի.Աղաջանյանի, Ա.Պ.Դեմիխինի և այլնի դերը:
Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ԳՀԻ-ը ստեղծվել է 1930թ. նոյեմբերի 29-ին, նախ որպես “Ֆիզիոթերապիայի ինստիտուտ”, այնուհետև, 1937թ. վերանվանվել է “Ֆիզիկական մեթոդներով բուժման և կուրորտաբանության Ինստիտուտ”-ի: Ինստիտուտի ստեղծման նախաձեռնողներից է եղել ՀՍՍՀ առողջապահության ժողովրդական կոմիսար' Գ.Ա.Ղեվոնդյանը: Ինստիտուտի առաջին տնօրենը եղել է պրոֆ. Ա.Ա.Հակոբյանը (1930-1950 թթ.): Հայրենական Մեծ պատերազմի տարիներին ինստիտուտի ղեկավարումը ժամանակավոր հանձնարարվել է հանրապետության վաստակավոր բժիշկ' Մ.Կ.Կամենցեվային: Հետագայում ինստիտուտը գլխավորել են' դոցենտ Ս.Ա.Ճշմարիտյանը (1950-1960 թթ.), պրոֆ. Գ.Ի.Աղաջանյանը (1960-1979 թթ.), բ.գ.թ. Զ.Ա.Սարգսյանը (1979-1991 թթ.) և պրոֆ. Յու.Ս.Թունյանը (1991-2002 թթ.):
Սկսած 2002 թվականից ինստիտուտը գլխավորում է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Բ.Ն.Հարությունյանը, ով միաժամանակ Ռուսաստանի Դաշնության բժշկա-տեխնիկական գիտությունների Ակադեմիայի Հայաստանյան մասնաճյուղի Նախագահն է:
Այս տարիների ընթացքում համալիր ուսումնասիրվել և կլինիկական վերլուծության են ենթարկվել հանրապետության կուրորտների կլիման, կուրորտային և ռեկրեացիոն գոտիները, կլիմատոթերապիայի օդերևութաբանական պայմանները: Հանրապետության բնական բուժական գործոնների' մասնավորապես հիդրոմիներալ ռեսուրսների ուսումնասիրման գիտականորեն հիմնավորված տվյալները և Հայաստանի տարբեր տարածաշրջանների կլիմայական բնութագրումը հիմք են հանդիսացել Արզնի, Ջերմուկ, Դիլիջան կուրորտների զարգացման, ինչպես նաև Հանքավան կուրորտի ստեղծման, “Արզնի”, “Հանքավան”, “Բջնի”, “Դիլիջան”, “Ջերմուկ”, “Լիճք”, “Լորի”, “Սևան” և այլ հանքային ջրերի շշալցման կազմակերպման համար:
Բնական հանքային ջրերի ֆիզիկաքիմիական կազմի, այդ թվում միկրոէլեմենտային, գազային և այլ ցուցանիշների դինամիկական հետազոտությունների և դրանց ձևավորման պայմանների ուսումնասիրության արդյունքում տրվել է հետազոտված հանքային ջրերի բնութագրում, մշակվել է հանրապետության ածխաթթվային հանքային ջրերի հիմնական հանքավայրերի սխեմա, բացահայտվել են բնական ռադիոակտիվ աղբյուրներ: Հայաստանի տարածքում հայտնաբերվել է տորֆի ավելի քան 100 հանքավայր, ուսումնասիրվել են դրանց ֆիզիկաքիմիական հատկությունները, միկրոֆլորան և բուժական արժեքները:
Այս տարիների ընթացքում կլիմայի և բնական բուժական գործոնների ուսումնասիրման բնագավառում կատարված նվաճումները նպաստել են մասնագիտացված սանատոր-կուրորտային հաստատությունների ձևավորմանը, որտեղ իրականացվել են սիրտ-անոթային, կենտրոնական և պերիֆերիկ նյարդային համակարգերի, աղեստամոքսային և հեպատոբիլիար համակարգերի, հենա-շարժողական ապարատի վնասվածքների և այլ հիվանդությունների կանխարգելում և բժշկական ռեաբիլիտացիա:
Հայաստանում տեղի ունեցած Սպիտակի աղետալի երկրաշարժից (1988 թ.) անմիջապես հետո ինստիտուտում մշակվել և իրականացվել է ինչպես աղետի գոտու, այնպես էլ Երևանի և հանրապետության այլ մարզերի վիրաբուժական, նեյրովիրաբուժական և վնասվածքաբանական կլինիկաներում բուժման կարիք ունեցող վիրավորների և տուժածների վերականգնողական թերապիայի և ռեաբիլիտացիայի կոմպլեքսային բուժ-կազմակերպչական ծրագիր: Միաժամանակ Միջազգային Կարմիր Խաչի նախաձեռնությամբ, աղետի գոտում տուժածների համար այդ տարիներին ինստիտուտի բազայի վրա ստեղծվել է “Ողնաշարային կենտրոն” - ողնաշարի տրավմատիկ վնասվածքների մասնագիտացված բաժանմունք:
Ինստիտուտի կոլեկտիվի ուսերին մեծ պատասխանատվություն ընկավ նաև Արցախի անկախության համար մղվող ազգային հերոսական ազատամարտի ժամանակ: Ղարաբաղյան կոնֆլիկտի տարիներին ինստիտուտի ողջ մտավոր ներուժը և կարողությունը ուղղվել էր վիրավոր ազատամարտիկների վերականգնողական բուժման կազմակերպմանը, որոնք տեղափոխվում էին ինչպես Երևանի մասնագիտացված կլինիկաներից, այնպես էլ անմիջապես ռազմական գոտիներում տեղակայված բուժ.հաստատություններից:
Այս ավելի քան 80 տարիների ընթացքում ինստիտուտը հասել է նշանակալի ձեռքբերումների գիտահետազոտական մի շարք ուղղությունների ձևավորման, Հայաստանի կուրորտային ցանցի կազմավորման և զարգացման, բնական բուժական գործոնների ուսումնասիրման, բարձր որակավորմամբ կադրերի (գիտությունների դոկտորներ և թեկնածուներ) պատրաստման և այլ գործընթացներում:
Այժմ ինստիտուտը հաջողությամբ գործող, միջազգային ճանաչում նվաճած, սեփական դոկտրինա և հետագա զարգացման ու կատարելագործման ռազմավարություն ունեցող բժշկական ռեաբիլիտացիայի բազմապրոֆիլ գիտա-գործնական կենտրոն է: