2003

ԱՆ Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ԳՀ ինստիտուտը արդեն մի քանի ամիս իր հիվանդների շրջանում հատուկ սոցհարցումներ է անցկացնում, որը նպատակ ունի ստացված արդյունքների հիման վրա բարձրացնել բուժսպասարկման որակը և այն դարձնել ավելի նպատակային: Ներկայացնում ենք վերջին 4 ամիսների արդյունքները: Սոցհարցմանն այդ ընթանցքում մասնակցել են մոտ հարյուր հիվանդներ, որից 53-ը՝ կանայք: Հիվանդների մեծ մասի տարիքը 65-ից բարձր է (42հոգի), 38-ը՝ 45-ից 64 տարեկան: Մասնակիցների զգալի մասը (31-ը) միջնակարգ կրթություն ունեն, 25-ը՝ բարձրագույն, թերի միջնակարգ կրթություն ունեն 19-ը, իսկ մնացածը (25-ը)՝ միջնակարգ մասնագիտական: Հիվանդների մեծ մասի մոտ ախտորոշումը եղել է ինսուլտ (25), աղերի կուտակում, նյարդային և արյունատար համակարգի խանգարում, աթերոսկլերոզ, օստեոխոնդրոզ և այլն: Հիվանդների մեծ մասը (54) բուժվում են պետպատվերի շրջանակում, վճարովի համակարգում բուժվում են 13-ը, մնացածը (30)՝ պայմանագրային կամ հանգստավայրային հիմունքներով: Հարցվածների մեծ մասի (37-ի) մոտ հիվանդությունն ի հայտ է եկել վերջին հինգ տարիների ընթացքում:
Ավելացնենք, որ սոցհարցումների տվյալների մշակումը և վելուծությունն իրականացվել է Առողջապահական համակարգի ռազմավարական հետազոտությունների և կանխատեսումների անկախ գիտական կենտրոնի կողմից:

MEDIAINFORM 23.12.2003
 

Նոյեմբերի 21-ին ժամը 11:00-ին ՀՀ ԱՆ Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի կոնֆերենց դահլիճում տեղի կունենա Հոմեոպաթիայի միջազգային (հայ-շվեյցարական) ակադեմիայի մասնաճյուղի հանդիսավոր բացումը: Հայաստանում այս ակադեմիան բացվում է Շվեյցարական SHI Homeoeopathie Schule AG և ՀՀ Ան կուրուրտաբանության և ֆիզիկական բժշկության ԳՀ ինստիտուտի միջև կնքված պայմանագրի համաձայն: Նրա գործունեության հիմնական ուղին հանդիսանում է տարբեր երկրներից հրավիրված պրոֆեսիոնալ մասնագետների օգնությամբ, եվրոպական ուսուցողական ծրագրերով միջազգային որակ և օրինական չափանիշներ ապահովող հոմեոպաթների կրթում: Նախատեսվում է նաև SHI Homeoeopathie Schule AG-ի հետ համատեղ գիտական ուսումնասիրությունների ինտեգրացում:
MEDIAINFORM 20.11.2003
 

Վերջերս ՀՀ ԱՆ կուրորտաբանության և ֆիզիկական ԳՀ ինստիտուտ են տեղափոխվել երկու ամբիոններ՝ սպորտային և վերականգնողական բժշկության ու վերականգնողական բժշկության և կուրորտաբանության ամբիոնները: Առաջինը այստեղ է տեղափոխվել Ֆիզիկական դաստիարակության ինստիտուտից, որի վարիչ է ընտրվել Բ, Հարությունյանը, իսկ երկրորդը՝ Առողջապահության ազգային ինստիտուտից, որի վարիչը Էդ. Սեկոյանն է: Քանի որ այս ամբիոններն իրենց բնույթով կլինիկական են, ապա դրանց այստեղ տեղափոխվելը խիստ նպատակահարմար էր: Այս տեղափոխման համար հիմք էր ծառայել այս տարվա օգոստոսին վերոնշյալ ինստիտուտների հետ կնքված համաձայնագիրը:
MEDIAINFORM 20.11.2003
 

ԱՌԱՅԺՄ ԷՍՏՈՆԱԿԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՉԻ ԳՈՐԾՈՒՄ
2000թ. Էստոնիայի առողջապահության համակարգի ֆինանսավորման խնդիրները հիմնականում նման էին այդ ժամանակահատվածում այլ երկրների խնդիրներին. Համակարգում առկա էր Ֆինանսական միջոցների սակավություն և մատակարարի կողմից պարտադրվող պահանջարկ, այն դեպքում, երբ ծառայություն մատուցողը պահանջարկն առաջացնողն էր: Որոշ փորձագետներ պնդում են, որ Տարտուի համալսարանական հիվանդանոցների կողմից սկսած բարեփոխումները շատ նշանակալի դեր են զբաղեցնում առողջապահության համակարգերի բարեփոխումների պատմության մեջ: Հնարավո՞ր է Էստոնիայի փորձը կիրառել նաև Հայաստանում, արդյո՞ք էստոնական առողջապահական ոլորտի առջև ծառացած խնդիրները նույնանում են մեր խնդիրներին: Այս հարցերի պարզաբանման խնդրանքով MEDIAINFORM լրատվական գործակալությունը դիմել է ՀՀ կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ԳՀ ինստիտուտի գլխավոր բժիշկ Մկրտիչ Գրաբսկուն: Ասենք, որ 1999-2001թթ Մ. Գրաբսկին ղեկավարել է Առողջապահության նախարարության Ընտանեկան բժշկության կենտրոնը: 1999թ. հոկտեմբերի 25-ից դեկտեմբերի 5-ը գտնվելով Էստոնիայի Տարտուի համալսարանի պոլիկլինիկայի և ընտանեկան բժշկության բաժնում և շարունակական բժշկական կրթության կենտրոնում՝ մասնակցել է ընտանեկան բժիշկ մասնագիտությամբ մասնագետներ կրթողների կուրսին:
Համադրե՞լ, թե՞ ոչ

Կարևորելով այն հանգամանքը, որ Էստոնիան մի շարք ցուցանիշներով համադրելի է Հայաստանի հետ (տարածքային նմանություն, հիվանդանոցային մահճակալների թվի ավելցուկ, ստացիոնար բուժօգնության, վերականգնողական բուժման և խնամքի ծառայությունների ոչ հստակ տարանջատում), փորձեմ շարադրել մի քանի հիմնախնդիրներ, որոնց լուծումը կարևոր և անհրաժեշտ է նաև մեր առողջապահական համակարգի վերափոխումների համար:
Էստոնիայում ընտանեկան բժշկության զարգացման ժամանակացույցը կարելի է ներկայացնել հետևյալ կերպ. 80ական թթ. վերջերից տարածվել է ընտանեկան բժշկության իդեան, 1989թ-ից համակարգի ներկայացուցիչները Ֆինլանդիայում մասնակցել են միջազգային կուրսերին, 1990թ. պլանավորվել է ընտանեկան բժշկության կրթությունը համալսարանում:
Էստոնիայի առողջապահական համակարգն անցել է հետևյալ ճանապարհը՝ 1993թ. ընդունվել է ընտանեկան բժիշկ մասնագիտությունը, 1994թ. անցկացվել է ընտանեկան բժշկության առաջին կոնֆերանսը, 1995թ. սկսել են իրականացվել համաշխարհային բանկի ընտանեկան բժշկության ծրագրերը և էստոնական ընտանեկան բժշկության միությունը դարձել է WONCA-ի անդամ, 1994-1996թթ. մշակվել է ընտանեկան բժշկության մասին օրենքը, 1997թ. նախարարության որոշումով առողջապահական համակարգն ամբողջովին անցել է ընտանեկան բժշկության համակարգին, առաջնային բուժօգնության օղակում սկսել է կիրառվել վճարման նոր համակարգ:
Սկսել կրթությունից
Սկսած 1991թ Տարտուի համալսարանի բժշկական ֆակուլտետում կազմակերպվեց երկամյա վերապատրաստման կուրս ընտանեկան բժիշկների համար: 1998թին արդեն կային 351, իսկ հետագայում 275 բժիշկներ, որոնք անցել էին համապատասխան կուրսը: Այս ամենի հիման վրա էլ սկսեց ձևավորվել զարգացող ընտանեկան բժշկության մոդելը, որը ենթադրում էր, որ ընտանեկան բժիշկը կարող է լինել հիվանդանոցային հիմնադրամի հետ մասնավոր պայմանագիր կնքող կողմ: Աշխատանքի վճարումը կարող է լինել խառը՝ ըստ շնչի և ըստ ծառայությունների:
Բարեփոխումների հիմնական ուղղությունները
Էստոնիայի առողջապահական ոլորտի վերափոխումների առաջնային խնդիրներից էր բուժհաստատությունների սեփականության ձևի որոշակիացումը և իրավական կարգավիճակը: Նպատակ էր դրված առկա հիվանդանոցների կրճատում 66-ից 13-ի (օպտիմալացումը կատարվել է մատչելիության սկզբունքով), և ամենակարևորը՝ ֆինանսական մեխանիզմների վերանայում՝ ըստ մատուցված ծառայության և ըստ դեպքի:
Ստեղծեց ցուցակ, որի համաձայն բնակչությունը կարող էր գրանցվել առաջնային բուժօգնության բժշկի մոտ: Նախարարության 1997թ. հրամանագրով հաստատվել է այն բժիշկների քանակը, որը պետք է աշխատեր որպես ընտանեկան բժիշկ: Ամրագրվեց նաև, որ ընտանեկան բժիշկը հանդես է գալիս որպես անկախ պայմանագիր կապող, իսկ նրա մատուցած ծառայության համար կատարվում է համակարգված վճարում (բազային վճարումը, ըստ անձերի, ծառայության համար վճարումը և նյութական խրախուսանքը միասին):
Մեզ ևս հարկավոր է զարգացնել ընտանեկան բժշկությունը՝ հիմնված աշխատանքի և փորձի վրա: Սա Հայաստանին անհրաժեշտ եվրոպական ժառանգությունն է և այս ասպարեզում մեր հետագա զարգացման հիմնաքարը:
Ի՞նչ է առաջարկում ընտանեկան բժշկությունը
Նախ, շեշտեմ, որ առաջնային բուժօգնության կազմակերպումը կարող է տարբեր լինել տարբեր երկրներում: Ընտանեկան բժշկության ներդրումը ենթադրում է կազմակերպչական գործունեության կատարելագործում և թիմային աշխատանք:
Ինչո՞ւ համար է նպատակահարմար ընտանեկան բժշկության ինստիտուտի ներմուծումը: Ընտանեկան բժշկությունն առաջարկում է մատչելի սպասարկում, առողջության ռեսուրսների համապատասխան բաշխում, բուժական, վերականգնողական, պրոֆիլակտիկ բուժօգնության և առողջության մակարդակի բարձրացման նպաստում, երկրորդային օգնության տեխնոլոգիաների և դեղորայքի ռացիոնալ օգտագործում, բուժպասարկման գնի արդյունավետություն:
Բոլոր պրակտիկա ունեցող բժիշկները պայմանագրեր ունեն հիվանդանոցային ֆոնդի հետ, որը և հիմք է հանդիսանում ֆինանսավորման համար: Բուժօգնության մասնավոր մասնաբաժինը հիմնականում ատամնաբուժական պրակտիկային է վերաբերում (մոտ 75 տոկոսը), ինչպես նաև գինեկոլոգիային, ուրոլոգիային և այլն: Սկսած 1998թ, կապված առաջնային բուժօգնության ռեֆորմների հետ՝ առաջնային օգնություն ցուգաբերող բժիշկների մոտ 50 տոկոսն ունի մասնավոր սեփականատիրոջ իրավունք:
Ի՞նչ անել և ինչպե՞ս ֆինանսավորել
Էստոնական առողջապահության ֆինանսավորման երկու հիմնական աղբյուր կա՝ բժշկական ապահովագրության համակարգը և պետական բյուջեն: 1992թ. հունվարից ուժի մեջ է մտել բժշկական օգնության ապահովագրության մասին օրենքը, որի ընդունման անհրաժեշտությունը բացատրվում է մի քանի պատճառներով՝ ապակենտրոնացված բուժօգնության ֆինանսավորում, առողջապահական ծախսերի և ազգային տնտեսության փոխադարձ համապատասխանեցում (կատեգորիաների հաստատում), առողջապահական ցանցի ուռճացվածություն, սարքավորումների օպտիմալիզացիայի անհրաժեշտություն, բուժօգնության համար անձնական պատասխանատվությունը բարձրացնելու հիմքի հաստատում: Առողջապահության ապահովագրությունը ղեկավարվում է կենտրոնական հիվանդանոցի և 17 տարածքային հիվանդանոցների ֆոնդերի կողմից: Կենտրոնական հիվանդանոցային ֆոնդը կազմակերպում և վերահսկում է տարածքային ֆոնդերի գործունեությունը: Այն նաև վերաբաշխում է բժշկական ապահովագրական միջոցները՝ ապահովելով ֆինանսավորման արդարացի բաշխումը տարածքային ֆոնդերի միչև, կազմում է հանրապետական բժշկական բյուջեն, ընդունում և հաստատում է տարածքային ֆոնդերի բյուջեները:
1998թ. կենտրոնական հիվանդանոցային ֆոնդի համար առկա են հետևյալ ծախսերը՝ ամբուլատոր ընդհանուր օգնություն՝ 12 տոկոս, ամբուլատոր մասնագետների ծախսը՝ 16 տոկոս, հիվանդանոցային օգնություն՝ 59 տոկոս, ատամնաբուժական օգնություն՝ 13 տոկոս:
Էստոնիայում ֆինանսավորվում են հիվանդությունների կանխարգելման աշխատանքները (ինչը մեզ մոտ բացակայում է): Կենտրոնական հիվանդանոցային դրամարկղի կողմից բյուջեի 2 տոկոսը հատկացվում է կանխարգելման ֆունկցիային, գործում է նաև առողջության զարգացման ֆոնդը, որը կենտրոնական հիվանդանոցային դրամարկղի 0,5 տոկոսն է կազմում:
Կառուցվածքային տարրեր
1993թ. առողջապահական համակարգը մտել է սոցիալական ապահովության նախարարության կազմի մեջ:
Էստոնիայում Սոցիալական ապահովության նախարարության ենթակայությամբ գործում են մի շարք ազգային գործակալություններ: Դրանցից են Ազգային առողջության պահպանման վարչությունը, որն ունի իր բաժինները յուրաքանչյուր մարզում: Գործակալության խնդիրներն են հասարակական առողջության պահպանման վերահսկումը և նրա պաշտպանմանն ուղղված միջոցառումների կազմակերպումը: Գործում է նաև պետական բժշկական գործակալությունը, որն իրականացնում է դեղագործական մարքեթինգ և դեղերի գրանցում: Էստոնական բժիշկների 60 տոկոսը միավորված են էստոնական բժշկական ասոցիացիայի մեջ, բույժքույրերի 5 տոկոսը մտնում է էստոնական բուժքույրական ասոցիացիայի մեջ: Կան նաև միություններ ըստ հիվանդությունների, հիվանդների խմբերի և այլն:
Բոլոր դեպքերում առողջապահական համակարգը կարգավորող մարմինը մնում է Սոցիալական ապահովության նախարարությունը, որը պահանջում է նաև բուժօգնության կառավարման լիցենզավորում: Հիվանդանոցների լիցենզավորման առաջին փորձը իրականացվել է 1994-1995թթ: Ընդհանրապես գործող հիվանդանոցային օգնության չափանիշները թույլատրում են իրականացնել որոշակի պրոցեդուրաներ համակարգի յուրաքանչյուր մակարդակի համար:
Ամփոփում
Սկսած 1991 թ. էստոնական առողջապահական համակարգը ենթարկվել է կրկնակի վերափոխումների. նախ՝ կենտրոնացված, պետականորեն վերահսկվող առողջապահական համակարգից անցում է կատարվել ապակենտրոնացման և երկրորդ՝ պետական ընդհատ բյուջետային ֆինանսավորման համակարգից՝ բժշկական ապահովագրության: Սրան զուգահեռ հատուկ նշանակություն է ստացել առաջնային բուժօգնությունը և հասարակական առողջությունը:
Առաջնային առողջության պահպանումը, ըստ իս, առողջապահական բարեփոխումների բանալին է: Եթե մինչև 1998թ. ԱԱՊ-ն իրականացվում էր ամբուլատորիաների և պոլիկլինիկաների կողմից, ապա հիմա բժշկական ծառայություն առաջարկողները պայմանագիր են կնքում հիվանդանոցային հիմնադրամի հետ ծառայության համար վճարելու պայմանով՝ ավելորդ և անհարկի կատարվող գործունեություններին հակադրելով մաքսիմալ օգուտը:
Չնայած կատարված ամբողջական կազմակերպչական փոփոխություններին՝ առայժմ էստոնական առողջապահական համակարգն արդյունավետ չի գործում: Մարզերում և մարզկենտրոններում բուժօգնության կազմակերպման պլանավորման պատասխանատվությունն իրենց վրա չեն վերցնում: Հիմնական պատճառն այն է, որ ապակենտրոնացումը իջեցրել է տեղական իշխանությունների պատասխանատվությունը, քանի որ պլանավորման նրանց փորձն անբավարար է, և հին ավանդույթների դիմադրության պայմաններում դեռ առկա է կենտրոնից լուծումների և հրամանների սպասումը: Ոչ միշտ է բավարարում նաև բուժանձնակազմի որակավորումը: Վերջնականապես ճշտված չեն նաև սպասարկման տարբեր մակարդակներում և տարբեր տարածքներում հիվանդանոցային մահճակալների քանակը և տեխնիկական պայմանները, ինչպես նաև սարքավորումների, հագուստի ձեռք բերման և օգտագործման պայմանները:
MEDIAINFORM 28.11.2003

Մոտակա օլիպիական խաղերին մասնակցելու համար մեր հինգ հավաքականների մարզիկների բժշկական հետազոտությունները պետական սպորտ վարչության խնդրանքով իր վրա է վերցրել կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտը: Վերջինիս աջակցելու է նաև ֆիզկուլտուրայի մարզական բժշկության ամբիոնը: Մարզիկներն անցնելու են երկու տեսակի՝ գիտամեթոդական և բժշկական բուժսպասարկումներ: Առաջինը զբաղվում է մարզիկների ծանրաբեռնվածության տանելիության հարցերով և իր մեջ ներառում է սիրտ-անոթային, շնչառական համակարգի և այրան մեջ կաթնաթթվի առատության պատասխան ռեակցիաները: Սրանց հիման վրա էլ մարզիկին տրվում է համապատասխան բնութագիր: Բժշկական ծառայությունը հետևում է մարզիկի առողջական վիճակին, բուժում տրավմատիկ երևույթները, ապահովում անհրաժեշտ վիտամինիզացիան: Ինչպես նշեց ֆիզկուլտուրայի ինստիտուտի մարզական բժշկության ամբիոնի ղեկավար Ռ. Թորոյանը, յուրաքանչյուր մարզիկ մեկ տարվա ընթացքում պետք է ընդունի վիտամիների որոշակի քանակություն, որի ընդհանուր արժեքը կազմում է 2000 դոլլարին համարժեք գումար: Այսօր մեր մարզիկները տարեկան ընդունում են 100 դոլլարի վիտամիններ: Ներկայացվող հինգ հավաքականներից միայն երկուսն ունեն համապատասխան մասնագետ բժիշկներ: Սա շատ կարևոր խնդիր է, քանի որ մարզիկի համար ամեն պահ՝ մրցակցային, թե անհատական պարամունքների ժամանակ անհրաժեշտ է բժշկի ներկայությունը՝ ճիշտ բնութագիր կազմելու համար: «Սրա պատճառը բժիշկների ցածր աշխատավարձն է (ընդամենը 15000 դրամ) և նման մասնագետների պակասը: Հայաստանում այսօր կան միայն 10 նման մասնագետներ, որոնք հին կադրեր են», - տեղեկացրեց պրն Թորոյանը:
MEDIAINFORM 22.11.2003

Նոյեմբերի 21-ին ՀՀ Առողջապահության Նախարարության Կուրորտաբանության և ֆիզիոթերապիայի բժշկության գիտահետազոտական ինստիտուտում տեղի ունեցավ հոմեոպաթիայի միջազգային ակադեմիայի բացումը: Ինչպես նշեց Կուրորտաբանության և ֆիզիոթերապիայի փոխտնօրեն Էդուարդ Սեկոյանը, նման ակադեմիայի բացումը Հայաստանի համար շատ կարևոր քայլ է, քանի որ աշխարհում գնալով մեծանում է հոմեոպաթիայի դերն ու նշանակությունը: Մինչ այսօր Հայաստանում հոմեոպաթիան շատ թույլ էր զարգացած: Այս գիտության վերաբերյալ արդեն չորս տարի դասախոսություններ են կարդում ԵՊԲՀ-ում: Ըստ ինստիտուտի գլխավոր բժիշկ Մկրտիչ Գրաբսկու՝ այս ակադեմիայի հիմնադրումը կնպաստի հոմեոպաթիկ մտածողության ձևավորմանը, ինչպես նաև հոմեոպաթիկ օրինաչափությունների, դեղամիջոցների մասին հիմնարար գիտելիքների տարածելուն, ազգաբնակչությանը հոմեոպաթիկ մեթոդներով ախտորոշելուն և բուժելուն: Նա նաև կարծում է, որ ակադեմիայի հիմնադրումը կարևոր է նրանով, որ հնարավորություն կստեղծվի ուսումնասիրել ավանդական բժշկության հիմնարար սկզբունքներն ու մեթոդները:

MEDIAINFORM 21.11.2003

Նոյեմբերի 21-ին ժամը 11:00-ին ՀՀ ԱՆ Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի կոնֆերենց դահլիճում տեղի կունենա Հոմեոպաթիայի միջազգային (հայ-շվեյցարական) ակադեմիայի մասնաճյուղի հանդիսավոր բացումը: Հայաստանում այս ակադեմիան բացվում է Շվեյցարական SHI Homeoeopathie Schule AG և ՀՀ Ան կուրուրտաբանության և ֆիզիկական բժշկության ԳՀ ինստիտուտի միջև կնքված պայմանագրի համաձայն: Նրա գործունեության հիմնական ուղին հանդիսանում է տարբեր երկրներից հրավիրված պրոֆեսիոնալ մասնագետների օգնությամբ, եվրոպական ուսուցողական ծրագրերով միջազգային որակ և օրինական չափանիշներ ապահովող հոմեոպաթների կրթում: Նախատեսվում է նաև SHI Homeoeopathie Schule AG-ի հետ համատեղ գիտական ուսումնասիրությունների ինտեգրացում:

MEDIAINFORM 20.11.2003

Վերջերս ՀՀ ԱՆ կուրորտաբանության և ֆիզիկական ԳՀ ինստիտուտ են տեղափոխվել երկու ամբիոններ՝ սպորտային և վերականգնողական բժշկության ու վերականգնողական բժշկության և կուրորտաբանության ամբիոնները: Առաջինը այստեղ է տեղաջոխվել Ֆիզիկական դաստիարակության ինստիտուտից, որի վարիչ է ընտրվել Բ, Հարությունյանը, իսկ երկրորդը՝ Առողջապահության ազգային ինստիտուտից, որի վարիչը Էդ. Սեկոյանն է: Քանի որ այս ամբիոններն իրենց բնույթով կլինիկական են, ապա դրանց այստեղ տեղափոխվելը խիստ նպատակահարմար էր: Այս տեղափոխման համար հիմք էր ծառայել այս տարվա օգոստոսին վերոնշյալ ինստիտուտների հետ կնքված համաձայնագիրը:
MEDIAINFORM 20.11.2003