2004

Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ԳՀ ինստիտուտում (Scientific-Research Institute of Spa Treatment and Physical Medicine) Շվեյցարիայի Հոմեոպաթիայի ակադեմիայի ազգությամբ հնդիկ բժիշկ հոմեոպաթ Մոինդեր Սինգ Յուզը (Dr. Mohinder Singh Jus) և նրա կինը՝ Մարտինե Կաշին Յուզը (Dr. Martine Cachin Jus) Հայ-շվեյցարական հոմեոպաթիայի միջազգային ակադեմիայում վերապատրաստված 40 հոմեոպաթներին հանձնեցին ավարտական վկայականներ: Ռուսաստանում հոմեոպաթիան զարգացած է արդեն 70 տարի, իսկ մեզ մոտ այդ գիտությունը նկատելի առաջընթաց ունի վերջին տասը տարիների ընթացքում:
«Մենք տեղեկանում ենք հիվանդի և՛ հոգեկան, և՛ ֆիզիկական բողոքների մասին, ուշադիր զննում նրան և ընտրում տվյալ հիվանդին անհրաժեշտ անհատական բուժումը», - ասաց դասընթացներին մասնակցած հոմեոպաթներից մեկը:
Իսկ հիվանդ-բժիշկ փոխհարաբերությունների լավ լինելը հոմեոպաթների կարծիքով կախված է հիմնականում բժշկից: Նրանց խոսքերով հոմեոպաթիայի զարգացման հարցում հիմնական խնդիրը Հայաստանում հոմեոպաթիկ դեղորայքի բացակայությունն է: Սակայն անհրաժեշտության դեպքում նրանց հաջողվում է այդ դեղորայքը ձեռք բերել Ռուսաստանից և նույնիսկ Վրաստանից:
Հայ հոմեոպաթները հյուրերին նվիրեցին մանրանկար և մանկական Աստվածաշունչ՝ ի նշան երախտագիտության:

MEDIAINFORM 17.12.2004
 

Դեկտեմբերի 14-ին Շվեյցարիայից Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ԳՀ ինստիտուտ (Scientific-Research Institute of Spa Treatment and Physical Medicine) ժամանած Հոմեոպաթների միջազգային ակադեմիայի դասախոսներ և հոմեոպաթներ Մոինդեր Սինգ Յուզը և Մարտինե Կաշին 3ուզը հանդիպում ունեցան Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ընտանեկան բժշկության ամբիոնի վարիչ, համալսարանի պրոռեկտոր Միքայել Նարիմանյանի հետ:
Միքայել Նարիմանյանի հավաստմամբ՝ արտերկրից ժամանած հոմեոպաթները ցանկանում են իրենց փորձը փոխանցել հայ մասնագետներին և իրենց գիտությունը դարձնել ապացուցողական: Հնարավոր է, որ ապագայում համագործակցություն ծավալվի Հոմեոպաթների միջազգային ակադեմիայի մասնագետների և Մ. Հերացու անվան բժշկական համլսարանի միջև, ինչի շնորհիվ բժշկական համալսարանի ուսանողները հնարավորություն կունենան բավարար գիտելիքներ ստանալ հոմեոպաթիայի մասին: Միքայել Նարիմանյանը նշում է, որ ընտանեկան բժիշկները ևս, ի նպաստ մարդկանց առողջության, պետք է ուսումնասիրեն արտերկրից ժամանած հոմեոպաթների փորձը:
Մոինդեր Սինգ Յուզը և Մարտինե Կաշին Յուզը գոհունակությամբ հայտնեցին, որ մեծ պատրաստակամությամբ կօգնեն հայ ժողովրդին և համագործակցություն կծավալեն հայ մասնագետների հետ:
MEDIAINFORM 15.12.2004
 

Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ԳՀ ինստիտուտի (Scientific-Research Institute of Spa Treatment and Physical Medicine) տնօրեն Բենիկ Հարությունյանի (Benik Harutyunian) նախաձեռնությամբ ինստիտուտի մի քանի հիվանդասենյակներում փորձնականորեն կաշխատեն պատրաստված հոմեոպաթներ՝ հետագայում հոմեոպաթիան երկրում զարգացնելու համար:
Ավելին, Շվեյցարիայի Հոմեոպաթիայի ակադեմիայի դասախոսներ ազգությամբ հնդիկ բժիշկ հոմեոպաթ Մոինդեր Սինգ Յուզը (Dr. Mohinder Singh Jus) և նրա կինը՝ Մարտինե Կաշին Յուզը (Dr. Martine Cachin Jus) ինստիտուտի ղեկավարության հետ պատրաստվում են Հայաստանում հոմեոպաթիկ դեղորայքի արտադրության հիմք դնել:
Հոմեոպաթիայի հետագա զարգացման հարցում մասնագետները կարևորում են հիվանդների դիմելության ապահովումը: Իսկ այդ հարցում շատ անհրաժեշտ է, որպեսզի հիվանդը փոխադարձ վստահությամբ մոտենա բժշկին, քանի որ հոմեոպաթ բժշկի խնդիրն է հիվանդին օգնել կազդուրվել առանց քիմիական դեղորայքի՝ հոգեպես:
Այնուամենայնիվ, նրանք նաև արձանագրեցին, որ նման հոմեոպաթիկ հայկական դպրոց հիմնելու համար հայ հոմեոպաթները դեռ շատ ճանապարհ ունեն անցնելու:
«Մեր նպատակն այն է, որ հոմեոպաթիան Հայաստանում այնքան լավը դարձնենք, որ հայերը օտարերկրյա մասնագետների կարիքը չունենան» ,- իր ելույթում ասաց Մոինդեր Սինգ Յուզը (Dr. Mohinder Singh Jus):
Նկատենք, որ Հայաստանում հոմեոպաթիան, որպես բժշկության առանձին ոլորտ, առաջինը պաշտոնապես հիմնվել է այս գիտահետազոտական ինստիտուտում: Այդ նպատակով էլ ինստիտուտի գիտական գծով փոխտնօրեն Էդուարդ Սեկոյանն (Eduard Sekoyan) առաջարկեց ամրապնդել նաև այդ ոլորտի գիտական հիմքերը Հայաստանում, այսինքն գիտականորեն գնահատել հոմեոպաթիկ բուժման արդյունավետությունը:
Համագործակցությունն ամրապնդվեց նաև նրանով, որ հյուրերը պատրաստակամություն հայտնեցին հայ գործընկերներին տրամադրել հոմեոպաթիայի մասին գրականություն:
MEDIAINFORM 14.12.2004
 

Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ԳՀ ինստիտուտի (Scientific-Research Institute of Spa Treatment and Physical Medicine) և Շվեյցարիայի Հոմեոպաթների ակադեմիայի համատեղ գործունեության արդյունքում վերապատրաստված 40 հոմեոպաթներին շուտով հանձնվելու են ավարտական վկայականներ: Այդ նպատակով էլ Շվեյցարիայից Հայաստան են ժամանել ազգությամբ հնդիկ բժիշկ հոմեոպաթ Մոինդեր Սինգ Յուզը (Dr. Mohinder Singh Jus) և նրա կինը՝ Մարտինե Կաշին Յուզը (Dr. Martine Cachin Jus):
Նրանց ընդունելիս ինստիտուտի տնօրեն Բենիկ Հարությունյանը կարևորեց Հայաստանում հոմեոպաթիայի զարգացման գործում շվեյցարացի հոմեոպաթների ներդրումը:
Հյուրի դիտարկմամբ՝ քանի որ Հայաստանը գտնվում է սոցիալապես ծանր վիճակում, ապա այդ պայմաններում հոմեոպաթիան ժողովրդի համար ավելի մատչելի կլինի: «Հոմեոպաթիան օգնում է՝ շատ քիչ ծախսերով հասնել մեծ արդյունքների», - նկատեց Մոինդեր Սինգ Յուզը:
Բենիկ Հարությունյանը պատրաստակամություն հայտնեց շարունակել համագործակցությունը հոմեոպաթների ուսուցման գործում:
«Հոմեոպաթիայի ներդրումը քաղաքացիական պահանջ է»,-ավելացրեց ինստիտուտի տնօրենը:
MEDIAINFORM 11.12.2004

ԱՆ Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ԳՀ ինստիտուտում (Scientific-Research Institute of Spa Treatment and Physical Medicine) սպասարկված շուրջ 2.000 հիվանդների 60%-ն ունեցել են նյարդային համակարգի հետ կապված խնդիրներ: Հիվանդների 30%-ն ունեցել են հոդային խնդիրներ, իսկ մնացածը՝ աղեստամոքսային, երիկամային և այլն: Այդ է թերևս պատճառը, որ ինստիտուտի տնօրինությունը առաջարկել է առողջապահության նախարարությանը ինստիտուտի բազայի հիման վրա ստեղծել հանրապետական նյարդաբանական կենտրոն: ԱՆ-ն տվել է իր համաձայնությունը, և արդեն հունվարի 1-ից կենտրոնը կսկսի աշխատել: Այստեղ, ինստիտուտի փոխտնօրեն Վլադիմիր Գասպարյանի հավաստմամբ, նյարդային համակարգի հետ կապված խնդիրներ ունեցողները կստանան համապատասխան բուժում:
Ինստիտուտում հիվանդների շրջանում անցկացվում են նաև սոցհարցումներ՝ պարզելու թե մատուցվող բուժօգնությունն ինչպիսին է, իսկ բժիշկներն ինչպես են վերաբերում իրենց հիվանդներին: «Այդպիսով փորձում ենք ուղղել այն սխալները, որոնք մեզ ցույց են տալիս մեր հիվանդները», - հայտնեց Վլադիմիր Գասպարյանը:
Հիվանդների կողմից բողոքներ և բուժանձնակազմի հետ որոշակի անհարթություններ, իհարկե եղել են: «Եթե դրանք չլինեին այստեղ շատ բան կասկածելի կլիներ», - նկատեց փոխտնօրենը: Սակայն, ի տարբերություն նախորդ տարիների, այդ բողոքների թիվն զգալիորեն նվազել է: Ինստիտուտի ղեկավարությունը փորձել է բարելավել հիվանդի բուժօգնության կազմակերպման գործընթացը: Թերևս այդ պատճառով էլ հատուկ դասընթացներ են կազմակերպվել բժիշկների համար, իսկ բուժանձնակազմը լրացվել նոր մասնագետներով:
MEDIAINFORM 07.12.2004

Ինչպես տեղեկացրել էինք ԱՆ Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ԳՀ ինստիտուտում (Scientific-Research Institute of Spa Treatment and Physical Medicine) պետպատվերով բուժման համար հատկացվել էր գումար միայն 900 հիվանդի համար: Սակայն այս տարվա 4-րդ եռամսյակի ընթացքում ինստիտուտում հերթագրվածների քանակը կազմել է 1.644 հիվանդ: Վերջերս ինստիտուտի տնօրեն Բենիկ Հարությունյանը (Benik Arutyunyan) առողջապահության նախարարին ուղղված նամակում խնդրել էր ավելացնել պետպատվերի քանակը` բավարարելու հերթագրված հիվանդների բուժման պահանջը: Նախարարությունը կարողացել է ավելացնել պետպատվերը միայն 230 հիվանդի համար: Ստացվում է, որ այս տարվա ընթացքում ինստիտուտը մինչև տարվա վերջ պետպատվերի շրջանակներում կհասցնի սպասարկել հերթագրված հիվանդներից միայն 1.100 հիվանդի: Այդ հիվանդները հիմնականում հաշմանդամներ են և ունեն առողջական լուրջ խնդիրներ, որոնց բուժումը, ըստ ինստիտուտի փոխտնօրեն Վլադիմիր Գասպարյանի, անհնար է հետաձգել: Միաժամանակ նախորդ տարի, Վլադիմիր Գասպարյանի խոսքերով, այստեղ պետպատվերի շրջանակներում բուժվել է 1.644 հիվանդ:
Ավելացնենք, որ այս խնդրի վերաբերյալ մեր տված հարցին Նորայր Դավիդյանը վստահեցրեց, որ ինստիտուտին մյուս տարվա համար կավելանա հատկացվող գումարը, բայց որքան, նա չպատասխանեց:

MEDIAINFORM 29.11.2004

2005 թվականի հոկտեմբերի սկզբին կազմակերպվելու է Միջազգային 2-րդ Գիտական կոնֆերանսը «Վերականգնողական Բժշկության ժամանակակից ասպեկտները» խորագրով, որը նվիրված է լինելու ՀՀ ԱՆ Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ԳՀ ինստիտուտի (Scientific-Research Institute of Spa Treatment and Physical Medicine) 75 ամյակին:

Կոնֆերանսի Գիտական ծրագիրը
Հիմնական ուղղությունների թեմաները`

1. Վերականգնողական բժշկության հիմնական սկզբունքները և մեթոդոլոգիան
2. Վերականգնողական և էկոլոգիական բժշկության ժամանակակից ուղղությունները
3. Միջազգային ինտեգրացումը վերականգնողական բժշկության գիտական և հիմնական ասպեկտների գծով
4. Վերականգնողական թերապիայի ավանդական և այլընտրանքային մեթոդները:
5. Կուրորտային ծառայության ընդարձակման և արդիականացման ճանապարհները
6. Կուրորտաբանություն՝ մեթեոպաթոլոգիայի և կլիմաթերապիայի խնդիրները
7. Վերականգնողական բժշկության գործընթացի և արդյունավետության մոնիտորինգ
8. Վերականգնողական օղակի դերը առողջապահության համակարգում
9. Բազմապրոֆիլ վերականգնողական բժշկություն և «Կյանքի որակ»
10. «Առողջ հասարակություն»- վերականգնողական բժշկության ռազմավարություն
11. Բուժական զբոսաշրջության զարգացման սկզբունքները և մեթոդոլոգիան
12. Վերականգնողական բժշկության դերը արտակարգ իրավիճակների բժշկության մեջ
13. Վերականգնողական բժշկության բժշկասոցիալական ասպեկտները
14. Վերականգնողական բժշկության մեջ նոր տեղեկատվական համակարգերի և տեխնոլոգիաների մշակում ու ներդրում

2-րդ միջազգային գիտական կոնֆերանսի կազմակերպիչներն են՝ ՀՀ առողջապահության նախարարությունը, Ռուսաստանի Բժշկատեխնիկական Գիտությունների Ակադեմիան, ԱՆ Կուրորտաբանության և ֆիզիակական բժշկության ԳՀ ինստիտուտը, Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանը, Առողջապահության Ազգային ինստիտուտը և այլն:

MEDIAINFORM 25.11.2004

Այս տարի ԱՆ կուրորտաբանության և ֆիզիակական բժշկության ԳՀ ինստիտուտին (Scientific-Research Institute of Spa Treatment and Physical Medicine) ընդամենը 900 հիվանդի համար է անվճար բուժօգնության գծով ֆինանսավորում հատկացվել: Սակայն նշված ծավալը ինստիտուտը դեռ սեպտեմբերի մեկի դրությամբ լիովին կատարել է: Ավելին, հոկտեմբերի մեկի դրությամբ ինստիտուտում հերթագրվածների քանակը կազմել է 1.644 հիվանդ: Այս մասին MEDINFORM-ին տեղեկացրեց ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Բենիկ Հարությունյանը:
«Մեզ խիստ անհանգստացնում է 2005 թվականը, քանի որ բարձրացել է մեր ինստիտուտում բուժվելու պահանջարկը և պետպատվերի միջոցների բաշխման գործող մեխանիզմը դառնում է անընդունելի», - մտահոգվում է տնօրենը:
Այդ պատճառով էլ ինստիտուտը նամակ է ուղղել առողջապահության նախարար Նորայր Դավիդյանին՝ խնդրելով 2005-ին ինստիտուտի պետպատվերի ընդհանուր բյուջեն 300 մլն դրամի չափով դարձնելու վերաբերյալ որոշում ընդունել:
Սրա վերաբերյալ մեր տված հարցին Նորայր Դավիդյանը վստահեցրեց, որ ինստիտուտին հատկացվող գումարը կավելանա, բայց որքան, նա չպատասխանեց:
Բենիկ Հարությունյանը հավատացնում է, որ ինստիտուտը հնարավորություն ունի անվճար հիմունքներով սպասարկել ամսեկան 200 հիվանդի՝ ապահովելով պատշաճ բուժօգնությամբ և սննդով:

«Եթե մենք նույնիսկ պետպատվերով բժշկական օգնության խիստ կարիք ունեցող տարեկան 2.400 հիվանդ ընդունենք, ապա այդ դեպքում հատուկ խմբերում ընդգրկված յուրաքանչյուր քաղաքացի հնարավորություն կունենա բուժվել մեզ մոտ միայն 3-4 տարին մեկ անգամ», - նշեց ակադեմիկոսը:
Նշենք, որ 2003-ին ինստիտուտում պետական պատվերի շրջանակներում բժշկական օգնություն են ստացել 1.644 հիվանդներ, այդ թվում առողջապահության նախարարության ուղեգրերով ինստիտուտը սպասարկել է 984, իսկ կենսաթոշակային հիմնադրամի գծով 660 հիվանդի:
MEDIAINFORM 23.11.2004

Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ԳՀ ինստիտուտի (Scientific-Research Institute of Spa Treatment and Physical Medicine) նախաձեռնությամբ Ռուսաստանի Տանտարիուս (Tnatarius) ֆիրման ինստիտուտում ունենալու է ներկայացուցչություն: Ֆիրմայի սնունդների հիմքում ընկած է մեղվի արտադրանքը՝ թույն, ակնամոմ, ծաղկափոշի և մայր մեղվի արտադրած հյութը (молочко): Մասնագետների հավաստմամբ՝ կենսական ակտիվ նյութեր պարունակող առողջ սնունդը գործածելի է վերականգնողական բուժման մեջ, հատկապես սիրտանոթային, միզասեռական, նյարդային, իմունային համակարգերի, ինչպես նաև տղամարդկանց պոտենցիայի բարելավման համար:
Ինստիտուտում ֆիրմայի ներկայացուցիչ Հովիկ Հովհաննիսյանը հաստատեց, որ Հայաստանի մեղրը իր կենսունակությամբ նման չէ ռուսական մեղրին: Վերջինիս ակտիվությունը 75% է, իսկ հայկականինը՝ 20%:
MEDIAINFORM 28.10.2004

ԱՆ Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ԳՀ ինստիտուտի (Scientific-Research Institute of Spa Treatment and Physical Medicine) Հիդրոկինեզոթերապիայի բաժանմունքում արդեն 10 տարի է՝ իրականացվում է կինեզոթերապևտիկ վերականգնողական բուժում: Վերականգնողական բժշկության այդ տեսակը Հայաստան է ներմուծվել Չինաստանից, երբ չինական մի խումբ բժիշկներ ինստիտուտում հիմք դրեցին վերականգնողական բժշկության այդ տեսակին: Հիդրոկինեզոթերապիայի բաժանմունքի բժիշկ, կինեզոթերապիայի մասնագետ Նունե Ակունցի խոսքերով բուժման ժամանակ բժիշկն աշխատում է մարդու ստորին վերջույթների՝ ոտքերի յուրաքանչյուր մանր անոթների հետ, որոնք անմիջականորեն կապված են վերին օրգանների հետ: «Կինեզոթերապիայի միջոցով կարողանում ենք բարելավել կոնկրետ օրգանի արյան շրջանառությունը», - ասում է մասնագետը:
Այստեղ համալիր վերականգնողական բուժում ստանալու համար դիմում են նյարդային հիվանդությամբ մարդիկ, սկոլիոզ, իշիաս, օսթեոխոնդրոզ, ողնաշարային ճողվածքներով և ողնաշարի հետ կապված բարդություններ ունեցող հիվանդները: Կինեզոթերապիայի մասնագետը հավատացնում է, որ ջրաբուժության, բուժական ֆիզկուլտուրայի, մերսումների, տորֆաբուժության հետ միաժամանակ կինեզոթերապիան մեծ արդյունք է տալիս:
Ըստ նրա՝ եթե նախկինում ողնաշարային բարդություններ նկատելի էին միայն 40 տարեկանից բարձր մարդկանց շրջանում, ապա այժմ դրանք տարածված են 25-26 տարեկանների մոտ:
Տվյալների համաձայն՝ այժմ արդեն յուրաքանչյուր 4-րդ պատանին ունի ողնաշարային շեղումների խնդիրներ, ինչին էլ նպաստում են դպրոցական ծանր պայուսակները, դպրոցներում ֆիզկուլտուրա առարկայի բացակայությունը, նստարանին ոչ ճիշտ նստելու դիրքը և այլն:
Քայլելիս, երբ ոտքերը միաձև են շարժվում, նրա ոչ մի անոթ չի աշխատում: «Առօրյա կյանքում, եթե մարդը չի զբաղվում ֆիզկուլտուրայով, չի կարող ապահովել թե՛ ոտքի թաթի, թե՛ ողնաշարի շարժումները», - բացատրում է Ն. Ակունցը:
MEDIAINFORM 25.10.2004

Ներկայումս Հայաստանում վերականգնողական բուժման կարիք ունեցող 7.500 հիվանդ կա: Սակայն ԱՆ Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ԳՀ ինստիտուտին (Scientific-Research Institute of Spa Treatment and Physical Medicine) պետական բյուջեից գումար է հատկացվել միայն 900 հիվանդի վերականգնողական բուժման համար: Ինչպես տեղեկացրեց ինստիտուտի կլինիկայի վարիչ Կարեն Բախշինյանը, այս տարվա ընթացքում պետպատվերի շրջանակներում վերականգնողական բուժում են ստացել 1.200 հիվանդներ, իսկ մնացած 300-ի բուժման համար պետությունը խոստացել է, որ գումար կտա: «Սակայն գումար խոստանալը և տալը տարբեր բաներ են», - նկատեց նա:
Փաստորեն, այնպես է ստացվում, որ պետպատվերի շրջանակներում բուժման կարիք ունեցողները պետք է սպասեն, ասենք մինչև 2006-07 թվականները, որպեսզի ստանան իրենց վերականգնողական բուժումը: Այս դեպքում, օրինակ հոդացավով տառապող հիվանդը ստիպված պետք է սպասի մինչև բուժման հերթը կհասնի իրեն:
Ինստիտուտի Հիդրոգինեզոթերապիայի բաժանմունքում իրականացվում է հիվանդների համալիր վերականգնողական բուժում՝ մերսման, ջրաբուժության, բուժական ֆիզկուլտուրայի, տորֆաբուժության միջոցով: Նշված համալիր բուժումն ստանում են նաև պետպատվերի շրջանակներում բուժվողները: Մասնագետի հավաստմամբ՝ այժմ չկա հիվանդություն, որը չպահանջի վերականգնողական բուժում: «Բայց, ավաղ, հիվանդանոցների մեր կոլեգաները հիվանդներին չեն ուղարկում վերականգնողական բուժում ստանալու, որովհետև բժիշկների շրջանում այսպիսի հասկացողություն կա «հիվանդին ես եմ վիրահատել, ես եմ բուժել, ես եմ տերը մինչև վերջ»: Դա սխալ է», - ավելացրեց Կարեն Հարությունյանը:

MEDIAINFORM 20.10.2004

Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ԳՀ ինստիտուտից (Scientific-Research Institute of Spa Treatment and Physical Medicine) օրերս պատվիրակություն էր մեկնել Վրաստան՝ մասնակցելու Ռուսաստանի Բժշկատեխնիկական ակադեմիայի ակադեմիկոսներին վկայականների հանձնման արարողությանը: «Առողջապահության կազմակերպման մակարդակը մեր երկրում անհամեմատ ավելի բարձր է, քան հարևան Վրաստանում», - փաստում է ինստիտուտի տնօրեն, պատվիրակության նախագահ Բենիկ Հարությունյանը:
Վկայական ստացող ակադեմիկոսների թվում է եղել նաև Նիկոլայ Սահակաշֆիլին՝ Վրաստանի նախագահի հայրը: Վերջինս, Բենիկ Հարությունյանի հավաստմամբ, հայտնի է առողջարանային բժշկության ոլորտում: Այցի ընթացքում փոխադարձ համաձայնություն է եղել կողմերի միջև Սև ծովի և Բորժոմի առողջարաններ ուղեգրել հիվանդներ Հայաստանից: Ինչպես տեղեկացրեց ինստիտուտի տնօրենը, այդ առողջարաններում նրանք իրենց առողջարանային բուժումը կստանան նույն հիմունքներով, ինչպես այստեղ էր: Միաժամանակ հիվանդներ կգան Վրաստանից վերականգնողական բուժում ստանալու Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ԳՀ ինստիտուտում:
«Դա բարեկամական, մասնագիտական մթնոլորտի փոխադարձ ընկալման, բարյացակամ դառնալու քայլեր են, որոնք կարելի է տեղավորել ժողովրդական և զուտ պրոֆեսիոնալ համագործակցության շրջանակներում», - նկատեց պրն. Հարությունյանը:
Նրա դիտարկմամբ՝ այդպիսով փորձ է արվում հասարակության ուշադրությունը բևեռել վերականգնողական և առողջարանային բուժման անհրաժեշտության վրա:
Վրաստանի Ակադեմիայի Դեղաբանության և քիմիայի ինստիտուտի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել ինստիտուտին տրամադրել աղերի կուտակման, ողնաշարի ճողվածքի, օսթեոխոնդրոզի վրա ազդող նոր դեղամիջոց: Այն արդեն 3 տարի է՝ արտադրվում է Վրաստանում: Ըստ Բենիկ Հարությունյանի՝ այդ դեղանյութով համատեղ անցկացվելու են գիտապրակտիկ հետազոտություններ:
MEDIAINFORM 15.10.2004

Առողջապահության նախարարության Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ԳՀ ինստիտուտը (Scientific-Research Institute of Spa Treatment and Physical Medicine) նախապատրաստվում է մասնակցել Կրթության, գիտության նախարարության (ԿԳՆ) կողմից հայտարարված գիտական աշխատանքների մրցույթին: Այս մասին MEDINFORM-ին տեղեկացրեց ինստիտուտի գիտական հարցերը համակարգող Էդուարդ Սեկոյանը: Մրցույթն անցկացվելու բազային ֆինանսավորման հիմունքներով: Այսինքն՝ ֆինանսավորումն իրականացվելու է ինստիտուտի ներկայացրած ծրագրի համաձայն: Մրցույթում առաջադրված կարևոր պահանջներից Է. Սեկոյանը համարում է ներկայացվող ծրագրի հետագա կիրարկումը: Այսինքն՝ պետք է նշված լինի, թե ծրագրով կատարելիք աշխատանքում ինչ նոր մեթոդներ, մոտեցումներ, սարքավորումներ են նախատեսվում ներդնել:
Նշենք, որ նախկինում առողջապահության ոլորտի հանդեպ նման պահանջ դրված չի եղել: 1994 թվականից մինչ այժմ նման գիտական մրցույթներն անցկացվել են թեմատիկ սկզբունքով, երբ գիտխորհրդի նիստում հաստատված թեման ներկայացվել է ԿԳՆ, այնուհետև մասնագիտացված բուհին: Ըստ այդմ էլ՝ մրցույթում հաղթողը ֆինանսավորվում է: Տասը տարվա ընթացքում Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ԳՀ ինստիտուտը ներկայացրել է 5-6 թեմա:
MEDIAINFORM 11.10.2004

Այս տարվա ընթացքում Արզնիի առողջարաններում արդեն վերականգնողական բուժում են ստացել 310 հիվանդներ: Առողջապահական համակարգին պետական բյուջեից տրամադրվող գումարից սրտային լուրջ պաթոլոգիա ունեցող հիվանդների վերականգնողական բուժման համար հատկացվել է 44 մլն 613.000 դրամ:
Մինչ այդ, ամեն տարի Կարմիր Խաչի վերականգնողական կենտրոնում, Կուրորտաբանության և Ֆիզիկական բժշկության ԳՀ ինստիտուտում (Scientific-Research Institute of Spa Treatment and Physical Medicine), Մանկան վերականգնողական կենտրոնում և Արզնիում կազմակերպվում էր հիվանդ մարդկանց վերականգնողական բուժումը:
Առողջապահության նախարարության առաջնային բուժօգնության բաժնի պետ Ռուզաննա Յուզբաշյանի խոսքերով, նախարարության բյուջեն հնարավորություն չի տալիս կազմակերպել հանրապետության մոտ 118.000 հաշմանդամների վերականգնողական բուժումը:
Նախարարությունում փաստում են, որ պետության կողմից այդ նպատակով հատկացված գումարների վերջանալու պատճառով «Արզնի-1» առողջարանից հիվանդները հետ են վերադարձվել: Սակայն, բաժնի պետի հավաստմամբ, այդ հիվանդների մի մասի բուժումն արդեն կազմակերպվել է «Արզնի» առողջարանում, իսկ մյուսների բուժման խնդիրը կկարգավորվի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների ընթացքում:
Ներկայումս ԱՆ-ն ֆինանսական միջոցներ է հայթայթում՝ առողջարանային բուժման կազմակերպման նպատակով, թեև մասնագետների կարծիքով, այդ դեպքում ևս հնարավոր չէ բավարարել բոլոր հիվանդների կարիքները:
MEDIAINFORM 02.10.2004

Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ԳՀ ինստիտուտի (Scientific-Research Institute of Spa Treatment and Physical Medicine) ղեկավարության և առաջատար մասնագետների կողմից մշակվել է մի ծրագիր, ըստ որի՝ այս տարվա հունվարի 1-ից յուրաքանչյուր հիվանդի համար կազմվում է արձանագրություն: Վերջինս պարունակում է հիվանդին անհրաժեշտ բոլոր հետազոտությունները, հիվանդության պատմությունը, ինչպես նաև բուժման ողջ ծախսը: Ինչպես նշում է ինստիտուտի ֆինանսատնտեսական բաժնի վարիչ Ռուզաննա Ղամբարյանը, այդ հաշվարկի մեջ ընդգրկված են բոլոր ծախսերը՝ բուժում, սնունդ, կոմունալ ծախսեր: Նման արձանագրությունների կիրառումն ինքնանպատակ չէ, սա նպաստում է բժշկի աշխատանքի հստակեցմանը և ճիշտ կողմնորոշվելու հնարավորություն տալիս: Նման ծրագրի ներդրումը կնպաստի նաև բժշկատնտեսական չափորոշիչների ստեղծմանը:
Արձանագրությունների հիման վրա կազմվում է նաև հիվանդությունների վիճակագրություն: Օրինակ` 200 հիվանդի արձանագրությունները ցույց են տվել, որ ինստիտուտում առավել մեծ թիվ են կազմում սիրտանոթային և նյարդային համակարգի հետ կապված հիվանդություններով տառապողները: Այս վիճակագրության հիման վրա կարող ենք ասել, որ բոլոր հիվանդությունները գնալով երիտասարդանում են՝ հիվանդների գերակշռող մասը 28-50 տարեկան մարդիկ են:
Նշենք, որ նման ծրագիր առաջին անգամ կիրառվում է այս բուժհաստատությունում:
MEDIAINFORM 19.08.2004

Օգոստոսի 13-ին ԱՆ Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի (Scientific-Research Institute of Spa Treatment and Physical Medicine) բուժանձնակազմն Արագածոտնի մարզի Արտենի գյուղում կազմակերպել էր բաց դռների օր: Գյուղ էին այցելել տարբեր մասնագետներ՝ նյարդաբան, սրտաբան, էնդոկրինոլոգ, հոդաբան և ֆիցիոթերապևտ: Վաղ առավոտից գյուղապետարանի շենքում բժիշկներին էին սպասում գյուղի բնակիչները,որորնք ենթարկվեցին անվճար բուժզննման: Արտենի գյուղի գյուղապետ Վլադիմիր Գրիգորյանի հավաստմամբ գյուղում առաջին անգամ է նման միջոցառում կազմակերպվում: Այսօր մարդիկ սկսում են հավատալ, որ մեր հասարակության մեջ կան բարեխիղճ բժիշկներ: Նշենք, որ Արտենի գյուղը չունի ամբուլատորիա:
Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի գլխավոր բժիշկ Սիրանուշ Վարդանյանի խոսքերով իրենց ինստիտուտում արդեն ավանդույթ է դարձել ամիսը մեկ անգամ մեկնել հանրապետության հեռավոր մարզեր ու գյուղեր և անվճար բուժօգնություն ցուցաբերել մարդկանց:
Ան Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի բժիշկների վերջին այցը եղել է Գորիս: Առաջիկայում բուժանձնակազմը պատրաստվում է մեկնել Քաջարան, Մեղրի, Մարտունի և Ղարաբաղ:
«Մենք տեղում կոնսուլտացիա ենք կազմակերպում և բուժում նշանակում»,- ասում է Սիրանուշ Վարդանյանը: Արագածոտնի մարզի Արտենի գյուղում բնակիչները բժիշկներին ընդունեցին մեծ խանդավառությամբ: Սիրանուշ Վարդանյանը կարևորեց իրենց այցը և նշեց, որ հեռավոր գյուղերում մարդիկ ավելի շատ ունեն բժիշկների կարիքը: Արտենիի բնակիչների մոտ տրածված էին հիմնականում հոդային, նյարդային, սրտային և աղեստամոքսային հիվանդությունները: «Հուսով ենք, որ հիվանդների մեծ մասը կհետևեն մեր խորհրդին և հետագայում բուժում կստանան: Մեր ինստիտուտի տնօրինությունը որորշել է պարբերաբար այցելել հանրապետության մարզեր»,- նշեց Սիրանուշ Վարդանյանը: Գյուղի հիվանդները շատ մանրամասն զննման ենթարկվեցին: Հաշմանդամության կարգ ունեցող հիվանդներին առաջարկվեց Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտում անվճար վերականգնողական բուժում ստանալ: Սիրանուշ Վարդանյանի հավաստմամբ գյուղի ամբուլատորիայի բացակայությունը շատ վատ է անդրադարձել բնակիչների առողջության վրա:
Ինստիտուտի էնդոկրինոլոգ Նաիրա Բաբինյանը նշեց. «Բավականին մեծ թվով մարդիկ կարիք ունեին ախտորոշման: Շատերը չգիտեին իրենց անառողջ լինելու պատճառը: Կային դեպքեր, երբ հիվանդն ուշացումով էր դիմել մեր օգնությանը: 2-3 ժամվա ընթացքում մոտ 50 մարդ դիմեց մեր օգնությանը»: Նաիրա Բաբինյանի կարծիքով բժիշկներին չդիմելու պատճառը մարդկանց ֆինանսական ծանր վիճակն է: «Այսօր զգացինք, որ Արտենիում սոցիալապես անապահով խավը մեծ թիվ է կազմում», - ասաց էնդոկրինոլոգը:
Հոդաբան Սուսաննա Գրիգորյանը կարծիք հայտնեց, որ գյուղում շատ էին հոդային հիվանդները՝ մոտ 30 մարդ: Հիմանական պատճառը ծանր աշխատանքն է: «Այսօր հիվանդներ կան, որոնց երկար բուժում է պետք: Մենք մարդկանց չենք կարող խորհուրդ տալ չաշխատել, ուղղակի պետք է ուշադիր լինեն և պահպանեն իրենց առողջությունը», - նշեց Սուսաննա Գրիգորյանը:
Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի վերականգնողական կենտրոնի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու Կարեն Բախշինյանը ևս հույս հայտնեց, որ մարդիկ հետագայում կհետևեն իրենց առողջությանը: «Մենք փորձեցինք լսել մարդկանց գանգատը: Հայտնաբերեցինք զանազան հիվանդություններ, որոնց մասին մարդիկ տեղյակ չէին: Փորձեցինք մարդկանց ճիշտ ուղղություն ցույց տալ: Ինչպես տեղեկացանք, մարդկանց մեծ մասը հնարավորություն չունի բուժում ստանալու համար քաղաք մեկնել: Մեր կատարած աշխատանքի համար հոգեպես մեզ լավ ենք զգում», - ասաց Կարեն Բախշինյանը:
MEDIAINFORM 16.08.2004

ԱՆ Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ԳՀ ինստիտուտում (Scientific-Research Institute of Spa Treatment and Physical Medicine) տղամարդ հիվանդներին այսուհետև ուրոլոգի կոնսուլտացիային զուգահեռ կնշանակվի սեքսոպաթոլոգի կոնսուլտացիա, քանի որ հիվանդների մեծ մասն ունենում են սեռական խանգարումներ: Ինչպես տեղեկացրեց ինստիտուտի բժիշկ-սեքսոպաթոլոգ Երվանդ Մինասյանը (Ervand Minasyan), Հայաստանի տղամարդ բնակչության մոտ 52%-ն ունի սեռական խանգարումներ, որոնց միայն կեսն է դիմում բժշկի: Իսկ ընդհանուր հիվանդների միայն 1%-ն են կանայք, «սա չի նշանակում, որ կանայք սեռական խանգարումներ չունեն կամ քիչ ունեն, այլ պարզապես թաքցնում են»:
Ըստ մասնագետի՝ սեռական խանգարումների հիմնական պատճառ են հանդիսանում էնդոկրին, սիրտանոթային հիվանդությունները, որոնց թիվը վերջին ժամանկաներս խիստ ավելացել է: Այս հիվանդությունների բուժման համար նշանակվում են նաև այնպիսի դեղեր, որոնք նպաստում են սեռական խանգարումների առաջացմանը:

MEDIAINFORM 04.08.2004

ԱՆ Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ԳՀ ինստիտուտում (Scientific-Research Institute of Spa Treatment and Physical Medicine) այսօր տեղի է ունեցել «Կուրորտոլոգների հայկական ընկերություն» հասարակական կազմակերպության նիստ, որը վարեց կազմակերպության նախագահ Ռուբեն Մարտիրոսյանը (Ruben Martirosyan): Հիշյալ կազմակերպությունը ստեղծվել է 1995 թ.-ին: Նույն թվականին Հռոմի կոնֆերանսի ժամանակ կազմակերպությունն ընտրվել է որպես Կուրորտների համաշխարհային կազմակերպության լիիրավ անդամ: «1995 թ.-ից սկսած մենք ակտիվ մասնակցություն ենք ցուցաբերում այդ կազմակերպության կոնֆերանսներին, որոնք տեղի են ունենում տարին 1 անգամ տարբեր երկրներում», - ասում է Ռ. Մարտիրոսյանը: Այսօրվա նիստը կարևորվեց այն առումով, որ ԱՆ Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ԳՀ ինստիտուտի 70 աշխատակիցներ ցանկություն են հայտնել դառնալ «Կուրորտոլոգների հայկական ընկերություն» հասարակական կազմակերպության անդամ: «Բոլոր 70 աշխատակիցներն էլ հարկավոր են մեզ մեր գործունեությունը ավելի ակտիվացնելու համար», - նշեց Ռ. Մարտիրոսյանը և շնորհավորեց բոլոր նոր անդամներին:
«Կուրորտոլոգների հայկական ընկերություն» հասարակական կազմակերպությունն ունի 2 ճյուղ՝ բնական բուժիչ միջոցների և կուրորտային բուժման: Կազմակերպության գլխավոր բժիշկներից մի քանիսը վերապատրաստվել են Գերմանիայում: «Մենք պետք է ներկայանանք Արևմտյան Եվրոպայում և այլ երկրներում ոչ միայն որպես հասարակ կուրորտական կազմակերպություն, այլև ավելի մեծ տեղ պետք է հատկացնենք գիտական ուղղությանը», - ասաց Ռ. Մարտիրոսյանը:
Ընկերության գիտական ղեկավար ընտրվեց պրոֆեսոր Բենիկ Հարությունյանը (Benik Harutunyan), որն իր ելույթի ժամանակ նշեց. «Վստահ եմ, որ մեր համատեղ ուժերով ընկերության առջև ծառացած խնդիրները կլուծվեն»:

MEDIAINFORM 28.07.2004

Այսօր ԱՆ Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ԳՀ ինստիտուտի (Scientific-Research Institute of Spa Treatment and Physical Medicine) նախասրահում նկարչուհի Չինար Պետրոսյանը բացել էր իր անհատական ցուցահանդեսը, որի ընթացքում ներկայացվեցին շուրջ 30 նկարներ: «Իմ գործերը շատ սիրով ընդունվում ու գնահատվում են գլխավոր բժիշկների և բուժանձնակազմի կողմից: Մեծ սիրով բոլոր նկարներս նվիրում եմ բուժհիմնարկի աշխատակիցներին», - նշեց Չ. Պետրոսյանը:

MEDIAINFORM 28.07.2004

Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ԳՀ ինստիտուտը (Scientific-Research Institute of Spa Treatment and Physical Medicine) շարունակում է իր բժիշկների գիտապրակտիկ զարգացմանը նպաստող սեմինարների կազմակերպումը: Այս անգամ սեմինարի թեմաներն էին ֆիզիոթերապիայում փոփոխական հոսանքի կիրառումը և ցեխաբուժության կիրառումը՝ մասնավորապես ուրոլոգիական հիվանդությունների բուժման դեպքում:
Նշենք, որ նմանատիպ սեմինարներից մեկի արդյունքում արդեն երկու շաբաթ է՝ ինստիտուտում գործում է տզրուկաբուժության կենտրոն: Ինչպես նշեց ինստիտուտի գլխավոր բժիշկ Սիրանուշ Վարդանյանը, ցանկացողները կենտրոնում կարող են ստանալ նաև ամբուլատոր բուժում:
Կենտրոնի բժիշկ Փառանձեմ Մովսիսյանի հավաստմամբ՝ այսօր Հայաստանում գնալով ավելանում է տզրուկաբուժությանը դիմող հիվանդների թիվը, սակայն ամռան ամիսներին, որպես կանոն, նրանց թիվը պակասում է: Նրա կարծիքով տզրուկաբուժությունն առավել արդյունավետ է աշնանը և գարնանը:
2 շաբաթվա ընթացքում կենտրոնի ծառայությանը դիմել է 20 հիվանդ: Հատկապես շատ են դիմում այն հիվանդները, որոնց մոտ դեղորայքային երկարատև բուժումից հետո որևէ առաջընթաց չի նկատվում: Հատկապես մեծ է հիպերտոնիկ, տրոֆիկ խոցային, հեմորոյով (թութք) հիվանդների թիվը:
MEDIAINFORM 22.07.2004

 
Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ԳՀ ինստիտուտն (Scientific-Research Institute of Spa Treatment and Physical Medicine) այն բուժհաստատություններից է, որը կարևորելով բժիշկների գիտապրակտիկ զարգացումը` նաև դրան նպաստող քայլեր է ձեռնարկում: Ինչպես տեղեկացրեց ինստիտուտի գլխավոր բժիշկ Սիրանուշ Վարդանյանը, ամեն շաբաթ կազմակերպվում են գիտապրակտիկ սեմինարներ, որոնց ընթացքում զեկույցներով հանդես են գալիս ոչ միայն ինստիտուտի, այլև ուրիշ բուժհաստատությունների փորձառու մասնագետներ: Սեմինարների ընթացքում բժիշկները ստանում են իրենց հուզող բոլոր հարցերի պատասխանները:
Հերթական սեմինարը նվիրված էր տզրուկաբուժությանը (hirudotherapia): Ներկայացնելով տզրուկաբուժության պատմությունը՝ կենտրոնի ներկայացուցիչը նշեց, որ այն ունի հազարամյակների պատմություն, սակայն լայն զարգացոմ է ապրել 18-րդ դարում: Հետագայում հակաբիոտիկ դեղորայքի ստեղծումն ու լայն կիրառումը հետ մղեցին տզրուկաբուժությունը:
Տզրուկաբուժությունը հատկապես արդյունավետ է սրտանոթային,գինեկոլոգիական, ուրոլոգիական, թոքային, աչքի, գեմոֆիլիտի, արյան ցածր ճնշման և այլ հիվանդությունների կիրառման դեպքում:
Բնության մեջ գոյություն ունեն տզրուկի 400-ից ավելի տեսակներ, սակայն բժշկության մեջ կիրառվում են երկուսը:
Տզրուկը օգտագործվում է մեկ անգամ, որից հետո այրվում է: Նշենք, որ Հայաստանը տզրուկներ գնում է Ռուսաստանից, որոնք աճեցվում են հատուկ պայմաններում: Բուժման ժամանակ օգտագործվում են սոված կենդանիներ:
Բուժման գործընթացի ավարտից հետո հնարավոր է կարմրածության և այտուցի առաջացում, ինչպես նաև քորի զգացում, սակայն չի կարելի ձեռք տալ՝ քորը կանխելու նպատակով:
Ավելացնենք, որ տզրուկները շատ զգայուն են բոլոր հոտերի նկատմամբ:
MEDIAINFORM 01.07.2004

Այսօր ֆիզոթերապևտ Գագիկ Կարապետյանին ՌԴ բժշկատեխնիկական գիտությունների ակադեմիայի հայաստանյան մասնաճյուղի նախագահ Բենիկ Հարությունյանի կողմից շնորհվեց ակադեմիկոսի կոչում: Միևնույն ժամանակ Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ԳՀ ինստիտուտի նախկին գլխավոր բժիշկ Մկրտիչ Գրաբսկին ղարաբաղյան պատերազմում ցուցաբերած բժշկական օգնության համար պարգևատրվեց ակադեմիայի ոսկե մեդալով: Նշենք, որ միջոցառումն անցկացվեց ԳՀ ինստիտուտում:
«Ես գիտեմ, որ ձեռք բերված յուրաքանչյուր հաջողություն հանդիսանում է նորանոր դժվարությունների աղբյուր: Ակադեմիայի հետ աշխատանքի ընթացքում կփորձենք մեր ժողովրդին դնել առողջ ապրելակերպի ուղղու վրա: Կփորձենք մեր բժշկության մեջ եղած ոչ տրադիցիոն ձևերը դասակարգել ըստ գիտական հիմանավորումների: Այսօր ամբողջ աշխարհը ձգտում է մարդկանց բուժել բնական միջոցներով՝ նվազագույնին հասցնելով քիմիական դեղամիջոցների օգտագործումը», - նշեց արդեն ակադեմիկոս Գագիկ Կարապետյանը:
Հոբելյարներին շնորհավորեցին գործընկերները, հիվանդները, ծանոթները և Հայաստանի գլխավոր ոզնի Արամայիս Սահակյանը: Ի դեպ, վերջինիս կինը նույնպես Գ. Կարապետյանի հիվանդներից է եղել:
MEDIAINFORM 03.06.2004

Ապրիլի 16-18-ը տեղի ունեցավ Հունգարիայի բժշկական ակադեմիայի կողմից կազմակերպված կոնգրես, որը նվիրված էր «Բջջի մոլեկուլյար կենսաբանության արդի հարցերին»: Միևնույն ժամանակ կոնգրեսին կից տեղի ունեցավ INTAS-ի դրամաշնորհային ծրագրերով կատարվող աշխատախմբի խորհրդակցություն, որին մասնակցում էին չորս երկրների աշխատանքային խմբեր՝ Հայաստան (Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ԳՀ ինստիտուտ), Վրաստան (Բժշկական ակադեմիա), Հունգարիա (Բժշկական ակադեմիա) և Շվեյցարիա (Բժշկական ակադեմիա): Ըստ Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ԳՀ ինստիտուտի փոխտնօրեն Էդուարդ Սեկոյանի՝ կոնգրեսն անցել է լայն և հետաքրքիր քննարկումներով, ջերմ մթնոլորտում: Կոնգրեսի բոլոր մասնակիցները շեշտել են տարվող աշխատանքների համատեղության, համագործակցության, փորձի փոխանակման, հաճախակի հանդիպումների կարևորությունը:
Կոնգրեսի ընթացքում մոլեկուլյար կեսաբանության վերաբերյալ քննարկված հիմնահարցերն էին՝
1. բջջի երկրորդային ազդանշանային համակարգը և նրանց դերը:
Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Է. Սեկոյանն իր հիացմունքն արտահայտեց այս հարցերի վերաբերյալ հունգարացի երիտասարդ գիտաշխատողների կողմից ներկայացված զեկուցումների, դրանց բարձր մեթոդիկայի մասին:
2. օքսիդատիվ սթրեսի և լիպիդների պերօքսիդացիայի հարցերը:
3. Ras սպիտակուցների մասնակցությունը օնկոգենեզում՝ ուռուցքների առաջացման պրոցեսում:
Այս հարցի վերաբերյալ զեկուցում էր ներկայացրել նաև հայաստանյան խումբը, որը վերաբերում էր «Գլխուղեղի իհշեմիայի և ռեպերֆուզիայի պայմաններում առաջացող փոփոխությունները ֆարնելիզացման պրոցեսների ընկճման պայմաններում»:
Պրոֆեսոր Սեկոյանի զեկուցումը վերնագրված էր «Գլխուղեղի օքսիդատիվ սթրեսը և ցածր էներգետիկ լազերի պաշտպանողական դերը այս պայմաններում»: Պրն Սեկոյանի մեկնաբանությամբ՝ զեկույցը հիմնականում նվիրված էր ռեպերֆուզիայի և սուր այտուցների պայմաններում ֆոսֆոլիպիդային նյութափոխանակության ախտահարումներին: Զեկույցում մանրամասն նշվել են փաստեր՝ հելինիոնային և ինֆրակարմիր լազերային ճառագայթման ազդեցության մեխանիզմների վերաբերյալ:
MEDIAINFORM 05.05..2004

Ապրիլի 29-ից մայիսի 5-ը ԱՆԿուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ԳՀ ինստիտուտում տեղի կունենա գիտաժողով՝ նվիրված ինսուլտների ժամանակակից խնդիրներին, ախտորոշման և բուժման եղանակներին: Գիտաժողովի կազմակերպիչներն են Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ԳՀ ինստիտուտը, Հայկական բժշկական ասոցիացիան, Ֆրանսիայի հայկական բժշկական միությունը, Հայ Օգնության Ֆոնդի շրջանավարտների Զալցբուրգյան բժշկական ծրագիրը:
Գիտաժողովը ղեկավարելու են Հայաստանի նյարդաբանների միության նախագահ, ԵՊԲՀ նյարդաբանության ամբիոնի վարիչ Վահագն Դարբինյանը և Ֆրանսիայից հրավիրված անոթային նշանավոր նյարդաբան, Լիոնի Քլոդ Բերնար համալսարանի նյարդաբանության պրոֆեսոր Նորբերթ Նիկողոսյանը: Նա հադես կգա բացառիկ դասախոսություններով՝ ներկայացնելով անոթային նյարդաբանության հետ կապված միջազգային և սեփական փորձի ամենակարևոր վերջին նորությունները:
MEDIAINFORM 29.04.2004

Վերջերս Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ԳՀ ինստիտուտում կապիտալ վերանորոգումից հետո բացվեց լողավազան, որից, բացի հիվանդներից, կարող է օգտվել յուրաքանչյուր ցանկացող:
Տեղադրված ամերիկյան ու գերմանական ֆիլտրացնող և տաքացնող սարքավորումների շնորհիվ պահպանվում է ջրի հաստատուն ջերմաստիճանն ու մշտական առավելագույն մաքրությունը: Լողավազանն ունի նաև սաունա և փոքր սառը լողավազան: Նշենք, որ սաունան կառուցված է բուժիչ հատկություններ ունեցող փայտանյութից:
MEDIAINFORM

Արդյո՞ք առողջապահական համակարգում կա լիցենազավորման անհրաժեշտություն: «Ցանկացած ոլորտի համար լիցենզավորումն անհրաժեշտ պայման է՝ մատուցած ծառայության որակը բարձրացնելու համար», - պատասխանեց ԱՆ կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ԳՀ ինստիտուտի տնօրեն Բենիկ Հարությունյանը:
Լիցենազավորում պետք է անցնեն և՛ մասնագետները, և՛ կազմակերպությունները: Այլ խնդիր է, երբ լիցենզավորման գործընթացն այսօր Հայաստանում ճիշտ չի իրականացվում: Սակայն դա չի նշանակում, որ պետք է հրաժարվել այդ գործից: Ուղղակի պետք է փոխել լիցենզավորումն անցկացնելու բնույթը:
«Կան երկու տարբերակված հասկացություններ՝ սովորեցնող և ստուգող: Եթե դրանք իրականացվում են տարբեր մարմինների կողմից, ապա կարելի է գործընթացից ստանալ օբյեկտիվ արդյունք: Եթե կա վերահսկիչ մարմին, այդ դեպքում կարելի է սպասել իդեալական արդյունքի», - նշեց բ. գ. դ. պրոֆեսոր Բ. Հարությունյանը:
Կազմակերպության մատուցած ծառայության տեսակից կախված՝ լիցենզավորման պայմանները պետք է տարբերակված լինեն: «Չի կարելի նույն պահանջները ներկայացնել և՛ գյուղական ամբուլատորիային, և՛ շրջանային հիվանդանոցին, և՛ քաղաքային հիվանդանոցին, և՛ գիտահետազոտական ինստիտուտներին: Դրանցից յուրաքանչյուրի գործառույթները տարբեր են: Անհեթեթություն է դրա հիման վրա պահանջել նույն պայմաններ», - նշեց Բ. Հարությունյանը:
Մասնագետների լիցենզավորման պահանջները ևս պետք է տարբերակված լինեն:
Առողջապահության քաղաքականության ձևավորման հարցում ինստիտուտի տնօրենը կարևորում է լիցենզավորման համակարգը: Հայտնի է, որ մայրաքաղաքում կա բժիշկ-մասնագետների գերհագեցվածություն, ինչը չի կարելի ասել շրջանների մասին: Լիցենզավորման համակարգի ներդրման արդյունքում լիցենզավորման 1-ին և 2-րդ փուլն անցած (ամենաբարձր և բարձր պահանջներն ապահովող) մասնագետները կմնան քաղաքային հիվանադանոցներում և ԳՀ ինստիտուտներում, իսկ բավարար գիտելիքներ ունեցող մասնագետները կուղեգրվեն մասնագետների խիստ կարիք ունեցող շրջաններ: Նման գիտելիքները բավարար են առաջնային օղակի համար:
«Այս սկզբունքներով էլ պետք է առաջնորդվեն լիցենզավորում անցկացնողներն ու համապատասխան օրենք մշակողները», - եզրափակեց պրն Հարությունյանը:
MEDIAINFORM 31.03.2004

«Իրականում մարսողական հիվանդություններով տառապող մարդիկ շատ են: Սակայն նրանք բժշկին դիմում են միայն ուժեղ ցավերի դեպքում, ինչը շատ վտանգավոր է և կարող է չարորակ ուռուցքների պատճառ դառնալ», - նշեց բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդուարդ Գրիգորյանը:
Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ԳՀ ինստիտուտի գաստրոէնտերոլոգիայի բաժնում անցած տարիների համեմատ վերջին երկու տարում հիվանդների թիվն աճել է: Ըստ բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գաստրոէնտերոլոգիայի բաժնի վարիչ Էդուարդ Գրիգորյանի՝ հիվանդների թվի աճը պայմանավորված է մի քանի հանգամանքներով՝
1. արևելքի ժողովրդի անռեժիմ սնումը և սննդի չարաշահումը (ածխաջրեր, ճարպեր, խմորեղեն)
2. անդինամիկ դիրքը
3. ներվային համակարգի հետ կապված հիվանդությունները
4. սոցիալական բարելավում, ինչն, ըստ Է. Գրիգորյանի, շատ դանդաղ է կատարվում
5. անորակ սննդի օգտագործումը: Այժմ Թուրքիաիայից և Պարսկաստանից ներկրված բոլոր ապրանքները պարունակում են տոկսիկ նյութեր, ինչը վտանգավոր է առողջության համար:
Պրոֆեսոր Է. Գրիգորյանը նաև խորհուրդ տվեց մարդկանց չոգևորվել դեղորայքային բուժմամբ և առաջնությունը տալ բուսական բուժմանը:
«Իրականում մարսողական հիվանդություններով տառապող մարդիկ շատ են: Սակայն նրանք բժշկին դիմում են միայն ուժեղ ցավերի դեպքում, ինչը շատ վտանգավոր է և կարող է չարորակ ուռուցքների պատճառ դառնալ», - նշեց պրոֆեսոր Գրիգորյանը:
Պետպատվերի մասին իր կարծիքը հայտնելիս բաժնի վարիչը դժգոհություն հայտնեց, որ այս դեպքում անտեսվում է միջին խավը, որը մեր ինտիլիգենցիան է:
Գաստրէնտերոլոգիայի բաժնի աշխատողների կողմից վերջին երկու տարիներին տպագրվել է 28 աշխատանք (թեզիսներ,հոդվածներ) տարբեր տեղերում, հիմնականում ռուսական հավաքածուներում: Բաժինն արդեն 7 տարի համագործակցում է բնական բուժիչ գործոնների և էկոլոգիայի կենտրոնի հետ՝ ուսումնասիրելով ացեդոֆիլ բակտերիայի ազդեցությունը դիզբակտերիոզ հիվանդության վրա: Փորձարարական աշխատանքները ապացուցել են, որ ացեդոֆիլ բակտերիան լուծվում է նաև հանքային ջրում, ինչն ավելի է բարձրացնում դրա ազդեցությունը: Այս բակտերիան կարելի է օգտագործել ոչ միայն աղիքային հիվանդությունների, այլև տարբեր մարսողական հիվանդությունների ժամանակ:
Այս ուսումնասիրությունների մասին զեկուցվել է տարբեր կոնֆերանսների ժամանակ և սրա վերաբերյալ կազմվել է մեթոդական ձեռնարկ: Ըստ պրոֆեսոր Գրիգորյանի՝ փորձնական աշխատանքները տվել են իրենց դրական արդյունքները:
Բաժինը նաև հետազոտություններ է կատարում՝ պարզելու տորֆ թավիշի ազդեցությունը մարսողական տարբեր հիվանդությունների վրա: Նախնական արդյունքները դրական են: Սրա մասին զեկուցվել է անցած տարի Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ԳՀ ինստիտուտի կողմից կազմակերպված «Վերականգնողական բժշկության ժամանակակից ասպեկտները» թեմայով կոնֆերանսի ժամանակ:
Բաժինը հանրապետական հիվանդանոցի Թիվ 2 ներքին հիվանդությունների և թերապիայի ամբիոնի հետ կատարում է նաև կոմպլեքս աշխատանքներ՝ գաստրոնէնտերոլոգիայի, իմունոլոգիայի, դեղորայքի բացասական ազդեցության վերաբերյալ:
MEDIAINFORM 17.03.2004

Այս շաբաթվա ընթացքում ԱՆ կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ԳՀ ինստիտուտ տեղադրված Միջազգային հոմեոպաթիայի ակադեմիան կավարտի իր ձևավորման գործընթացը և կպատրաստվի սկսել իր գործունեությունը:
MEDIAINFORM 12.02.2004

ԵՊԲՀ-ի ուսանողներն արդեն հնարավորություն ունեն իրենց տեսական գիտելիքները վերականգնողական և սպորտային բժշկության բնագավառում հարստացնել կլինիկական դիտարկումներով: Սա հետևանք է այն բանի, որ նախորդ տարվա նոյեմբերից ԱՆ կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ԳՀ ինստիտուտ տեղափոխվեց ԵՊԲՀ-ի համապատասխան ամբիոնը՝ որպես կլինիկական բազա: Մինչ այդ համալսարանի և ԳՀ ինստիտուտի միջև կնքվել էր համապատասխան պայմանագիր՝ բարձրագույն բժշկական կրթության, գիտահետազոտական աշխատանքների իրականացման և բարձրորակ գիտամանկավարժական բնագավառում կադրերի պատրաստման շրջանակներում: Այսօր ամբիոնի համար ստեղծված են բոլոր պայմանները, հատկացված և կահավորված են համապատասխան լսարաններ, աշխատասենյակներ, ֆունկցիոնալ ստորաբաժանումներ: Փետրվարի 7-ին ինստիտուտում երկու կողմերի ղեկավարների միջև տեղի ունեցած քննարկման ժամանակ ԵՊԲՀ-ի ռեկտոր Վիլեմ Հակոբյանը այս մասին հայտնեց իր գոհունակությունը: Ղեկավարներն ընդգծեցին, որ ամբիոնների գործունեությունը հնարավորություն կտա էլ ավելի բարձրացնել ուսանողների ուսուցման որակը և պայմանավորվեցին զարգացնել համագործակցությունը, ինչը կնպաստի ինչպես բարձրորակ բժիշկների պատրաստմանը, այնպես էլ հանրապետությունում առողջապահության կարևոր ուղիներից՝ վերականգնողական և սպորտային բժշկության զարգացմանը:
MEDIAINFORM 09.02.2004

Վերջին ժամանակահատվածի ընթացքում ԱՆ կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ԳՀ ինստիտուտում բարձր ինֆորմացիոն տեխնոլոգիաների ներդրման շրջանակում կատարվել են լայն կլինիկա-ախտորորշիչ հետազոտություններ էներգո-ինֆորմացիոն (բիոռեզոնանսային) էքսպրէս ախտորոշման «Վիգիս» համակարգչային համակարգի ուղղությամբ: Հաշվի առնելով վերոհիշյալ բժշկական տեխնոլոգիայի ակնհայտ առավելությունները՝ ՀՀ ԱՆ կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ԳՀ ինստիտուտը դիմել է ՀՀ առողջապահության նախարարությանը էներգո-ինֆորմացիոն (բիոռեզոնանսային) էքսպրես ախտորոշման համակարգչային համակարգը՝ որպես այլընտրանքային բարձր ինֆորմացիոն տեխնոլոգիայի մեթոդ մեր հանրապետության առողջապահության համակարգում ներդնելու առաջարկով: Առաջարկը հիմնավորվել է հետևյալ կերպ. համակարգի ներդնումը առողջապահության հիմնարկներում չի պահանջում մեծ ֆինանսական ծախսեր, քանի որ բիոռեզոնանսային տեստավորող սարքավորման գործունեությունը ապահովվում է միջին կարգի համակարգչի միջոցով:
MEDIAINFORM 29.01.2004

«2003-ին նախորդ տարվա համեմատ գրանցվել է հիվանդների 30 % աճ՝ և պետպատվերի շրջանակում, և վճարովի», - տեղեկացրեց ԱՆ կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ԳՀ ինստիտուտի գլխավոր բժիշկ Մկրտիչ Գրաբսկին: Հիվանդների թիվը ողջ տարվա ընթացքում եղել է մոտավորապես 2500, որից 1000-ը բուժվել է պետպատվերի շրջանակում: Հիվանդների մեծ մասը 65 տարեկանից բարձր է, 53%-ը տղամարդիկ են, 57%-ը՝ կանայք: Նախորդ տարում 2-3%-ով աճել է սրտանոթային հիվանդություններով մարդկանց թիվը: Առավել հաճախ ինստիտուտի բուժօգնությանը դիմել են աթերոսկրելոզ, օստրոխոնդրոզ, սրտանոթային, նյարդային համակարգի հիվանդություններ ունեցող մարդիկ:
MEDIAINFORM 20.01.2004