2006

Այս տարվա նոյեմբերի 14-18-ը Թուրքիայի կառավարության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական գրասենյակի նախաձեռնությամբ Ստամբուլում կազմակերպվել էր նախարարական խարտիայի ընդունման քննարկում: Քննարկումներին նախապատրաստվել էին շուրջ 1-2 տարի, քանի որ քննարկվելիք հարցերը համալիր քննարկման անհրաժեշտություն ունեին: Գիտաժողովը կրում էր խիստ հանդիսավոր բնույթ: Դրան մասնակցում էին շուրջ 50 երկրից 20 նախարարներ, 60-ից ավելի փոխնախարարներ, իսկ պատվիրակների թիվը շուրջ 500-ն էր: Գիտաժողովին մասնակցում էր նաև Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թաիբ Էրդողանը, Թուրքիայի առողջապահության նախարարը, Ստամբուլի քաղաքապետը և այլոք:

Կուրորտաբանության և Ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի (Scientific-Research Institute of Spa Treatment and Physical Medicine) տնօրեն Բենիկ Հարությունյանը տեղեկացնում է, որ քննարկումները վերաբերում էին ոչ վարակային հիվանդությունների՝ մասնավորապես ուռուցքային հիվանդությունների, սիրտանոթային անբավարարության, աղեստամոքսային տրակտի, ոսկրամկանային համակարգի, օստրիոխոնդրոզի, ողնաշարի և հոդերի խնդիրների նվազեցմանը: Այդ հիվանդությունները հիմնականում առաջանում են ավելորդ քաշի և անշարժության արդյունքում: Ավելորդ քաշն ավելորդ ծանրություն է բոլոր գործող օրգանների՝ սրտի, լյարդի, հոդերի, ողնաշարի վրա, իսկ երբ դրան զուգահեռ՝ բացակայում է ֆիզիկական ակտիվությունը, նախ մի կողմից փոքրանում է էներգիայի ծախսը, և մարդն ավելի է չաղանում, մյուս կողմից էլ թուլանում է ողնաշարը պահող մկանային համակարգը: Արդյունքում մարդու ողնաշարը սկսում է ծռմռվել, ինչն էլ բացասաբար է անդրադառնում նյարդային ցողունների վրա, աստիճանաբար առաջանում են ցավեր ու տարբեր բարդություններ: «Նման երևույթներ շատ հաճախ են պատահում: Այդ իսկ պատճառով Ստամբուլում կայացած գիտաժողովի ժամանակ այդ խնդիրների քննարկումներն անչափ կարևոր էին»,-ընդգծում է Բենիկ Հարությունյանը,-իսկ եթե քաշի նվազեցում լինի, ապա ավելորդ առողջական խնդիրներ մարդը չի ունենա»:

Ստամբուլում կայացած գիտաժողովին հաջորդեց Առողջապահության Համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական գրասենյակի մասնագետների այցը Հայաստան: Այս այցի ժամանակ արդեն մանրամասնվեցին Հայաստանում առկա խնդիրները, դրանց պատճառները, քննարկվեցին և համակարգվեցին հետագա անելիքները: Ներկայումս ընթացքի մեջ է համապատախան փաստաթղթերի մշակման գործընթացը, նախատեսվում է, որ կստեղծվեն միջգերատեսչական հանձնաժողովներ՝ առանձին խնդիրների լուծման ուղղություններով: «Այս ամենը կարելի է համարել մի մեծ աշխատանքի սկիզբ,- նշում է Բենիկ Հարությունյանը, - և բոլոր այս քննարկումների արդյունքում ակնկալվում է, որ ի վերջո Հայաստանում և ոչ միայն, կկանոնակարգվի առողջ սննդի հարցը: Իսկ առողջ սնունդ ասելով հասկացվում է որակյալ, չափավոր, բազմազան և մատչելի սնունդը: Պետք է փոխվի սննդի հանդեպ վերաբերմունքը: Այս պարագայում անչափ մեծ կարևորություն է տրվում նաև ֆիզիկական ակտիվությանը»:

MEDIAINFORM 05.12.2006

Եվրոպայում ներկայումս գոյություն ունեն 4 հիմնական մարտահրավերներ՝ գիրություն, սնուցման արդյունքում առաջացող ոչ վարակիչ հիվանդություններ, թերսնում, որը դեռևս գոյություն ունի որոշ երկրներում և առողջ սննդի անմատչելիություն: Դրանց դեմ պայքարի ուղիներ մշակելու համար Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մշակել է Առողջ կենսակերպի աշխատանքային պլան: Այս թեմայի քննարկման միտումով նոյեմբերի 28-ին Կուրորտաբանության և Ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտում (Scientific-Research Institute of Spa Treatment and Physical Medicine) տեղի ունեցավ գիտաժողով՝ միջազգային մասնագետների, ՀՀ առողջապահության նախարարության ներկայացուցիչների և ինստիտուտի մասնագետների մասնակցությամբ:

Գիտաժողովի ժամանակ մասնավորապես նշվեց, որ առողջ սննդի հետ կապված խնդիրները լուծելու համար պետք է ընդհանուր նպատակներ մշակել, քանի որ սննդային համակարգը ողջ աշխարհում ենթարկվել է գլոբալիզացիայի: Գոյություն ունեն բազմաթիվ գործոններ, որոնք միջավայրը փոխում են այնպես, որ մենք չենք կարող պայքարել դրա դեմ: Օրինակ՝ շուկայում մեծ քանակությամբ Առողջ կենսակերպը պարզապես երազանք չէ: առաջարկվում են մեծ կալորիականություն և շաքար պարունակող մթերք, որոնք շատ էժան են և շատ ագրեսիվ են գովազդվում: Մյուս կողմից՝ մարդիկ իրենց հանգիստը շատ պասիվ են անցկացնում՝ ասենք պառկած հեռուստացույց դիտելով: Ուստիև հարկ է մշակել նոր հայեցակարգեր՝ խնդրին բազմակողմանի լուծում տալու համար: Մասնավորապես՝ պետք է ազդել բնակչությանն առաջարկվող սննդի որակի վրա, այսինքն՝ վերահսկել շուկա մուտք գործող սննդի անվտանգությունը, կալորիականությունը և սննդում պարունակվող դեղանյութերի և հորմոնների պարունակությունը: Առաջարկվող մթերքի որակը պետք է համապատասխան լինի առողջ մթերքի չափանիշերին, իսկ վերջիններս էլ դեռ հստակեցնել է պետք: Հարկ է երկխոսություն սկսել գյուղատնտեսության, բնապահպանության, առողջապահության նախարարությունների և մասնավոր սեկտորի՝ մասնավորապես մթերք արտադրող կազմակերպությունների հետ, ինչպես նաև բարելավել հիվանդանոցներում, դպրոցներում և մանկապարտեզներում սննդի որակը: Աշխատանքներ պետք է տարվեն նաև բնակչության շրջանում՝ իրազեկության բարձրացման առումով: Անչափ կարևոր է սննդակարգում մեծ քանակով պտուղ-բանջարեղենի ընդգրկումը: Այսօր սուպերմարկետներն են որոշում, թե մենք ինչ ենք ուտում: Նույնը կարելի է ասել տարբեր ճաշարանների կամ ռեստորանների մասին: Սակայն խանութում վաճառվող յուրաքանչյուր մթերք պետք է ունենա նշագրումներով պիտակ, թե ինչ է պարունակում տվյալ մթերքը:

Գիտաժողովի մասնակից Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ սննդի և մթերքի անվտանգության տարածաշրջանային խորհրդատու Ֆրանչեսկո Բրանկան MEDINFORM-ին տված հարցազրույցում անդադառնում է առողջ կենսակերպին և դրա նախապայմաններին:

- Ի՞նչ է ի վերջո առողջ ապրելակերպը, որի մասին այդքան հաճախ ենք խոսում:
- Դրա համար կա 2 հիմնական նախապայման ՝ առողջ սնունդ և ֆիզիկական ակտիվություն: Առողջ սնունդ ասելով պետք է հասկանալ մրգերի և բանջարեղենի շատ օգտագործումը, ավելի քիչ՝ մսամթերքի, կաթնամթերքի օգտագործումը, մանավանդ եթե դրանք հարուստ են ճարպով: Իսկ ֆիզիկական ակտիվությունը կարող է սկսվել պարզապես օրական 1 ժամ քայլելուց: Երեխայի առողջ ապրելակերպի առումով շատ կարևոր է նրան կրծքով կերակրելը, քանի որ այդպես դրվում է մարդու առողջ կյանքի սկիզբը:
Ֆրանչեսկո Բրանկան նշում է նաև, որ առողջ ապրելակերպն իրականում շատ ավելի լայն հասկացություն է, քան ֆիզիկական ակտիվությունն ու սնունդն են: Վերջիններիս կարելի է ավելացնել նաև անձնական հարաբերությունները, մարդու հոգեբանական վիճակը և շատ այլ գործոններ: Հայաստանն ավանդական առումով բավականին բարենպաստ պայմաններ է ստեղծում առողջ ապրելակերպ վարելու համար, սակայն խնդիրը նրանում է, որ գլոբալիզացիայի արդյունքում երկրները գնում են դեպի անառողջ ապրելակերպ: Մենք չպետք է մարդկանց հայեցողությանը թողնենք՝ առողջ կապրե՞ն նրանք, թե՞ ոչ, այլ մենք պետք է նպաստենք դրան: Պետք է միջոցներ ձեռնարկել, որպեսզի առողջ սնունդը լինի մատչելի և՛ գնային առումով, և՛ ֆիզիկապես: Մյուս կողմից՝ բնակավայրը պետք է ապահովված լինի մարզասրահներով, խաղահրապարակներով և այլն: Արդեն ժամանակն է, որ ուշադրություն դարձնենք ոչ միայն տնտեսական զարգացման, այլև բնակչության առողջության վրա: Կարևոր է նաև ժամանակին և օրակարգով սնվելը: Առողջ կենսակերպը պարզապես երազանք չէ, սրանք բոլորն էլ իրականանալի են: Պետք է հասկանալ, որ առողջ ապրելակերպը առողջ տնտեսական զարգացման հիմքն է, քանի որ անառողջ ապրելակերպի հետևանքով առաջացած հիվանդությունների վրա արվող ծախսերը հետագայում շատ ավելի մեծ կլինեն: Երկիրը մրցունակ լինելու համար նախևառաջ բնակչությունը պետք է լինի առողջ:

- Լինել գեր՝ նշանակո՞ւմ է ոչ առողջ կենսակերպ վարել:
- Ոչ միայն գիրությունն, այլ արդեն ավելորդ քաշ ունենալն է նշանակում, որ մարդն անառողջ կենսակերպ է վարում: Մեծ քաշ ունենալու դեպքում շատ ավելի մեծ է շաքարախտի, սիրտանոթային հիվանդությունների զարգացման ու կաթվածի ռիսկը և հավանականությունը: Ավելորդ քաշ ունեցող երեխան արդեն խնդիրներ ունի կյանքի պահպանման համար: Եվրոպայում վերջին տարիներին նկատվում է մեծ քաշ ունեցող և գեր մարդկանց թվաքանակի աճ, և եթե այդ առումով ոչինչ չփոխվի, ապա 2010-ին բնակչության 2/3-ը կունենա մեծ քաշ, ուստիև առողջության հետ կապված խնդիրներ: Որոշ տվյալների համաձայն՝ որոշ երկրներում 3-ից 1 երեխան տառապում է գիրությամբ: Բարեբախտաբար՝ Հայաստանում գիրությունը մեծ խնդիր չէ, սակայն պետք է ուշադրություն դարձնել դրա կանխարգելման վրա:

MEDIAINFORM 29.11.2006

Առաջիկա ժամանակահատվածում Կուրորտաբանության և Ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտում (Scientific-Research Institute of Spa Treatment and Physical Medicine) կսկսի գործել օզոնաթերապիայի կաբինետ:
Ինստիտուտի գլխավոր բժիշկ Կարեն Բախշինյանի խոսքերով՝ օզոնը, որը հիմնականում առաջանում է անձրևից հետո, պարունակում է թթվածնի ազատ ռադիկալներ, ունի բուժական մեծ ազդեցություն: Այն մասնավորապես նպաստում է ոչ միայն մաշկային, այլև սրտանոթային շատ հիվանդությունների բուժմանը: Ներկայումս կա հնարավորություն՝ օզոնը ստանալ հատուկ սարքի միջոցով և կիրառել զանազան հիվանդությունների բուժման համար:

Եվս մեկ նորություն: Ինստիտուտի գաստրոենտերոլոգները (ստամոքսաաղիքային հիվանդությունների մասնագետներ) ձեռք են բերել նոր սարք, որը հնարավորություն է ընձեռում ոչ էնդոսկոպիկ ձևով ստուգել ստամոքսում գտնվող միկրոբակտերիաները, որոնք 99%-ով հանդիսանում են ստամոքսի խոցի և այլ տարբեր բարդությունների առաջացման պատճառ: Այդ մեթոդը բավականին ճշգրիտ է և հնարավորություն է տալիս հնարավորինս կարճ ժամանակահատվածում ստուգել ստամոքսը և ստանալ ճիշտ պատասխան: Արդեն իսկ փորձարկվել են 4 հիվանդներ, և ստացվել է դրական ազդեցություն, ուստիև ակնկալվում է, որ նոր սարքի օգնությամբ կբարձրանա բուժման արդյունավետությունը: Կարևորենք նաև, որ այս մեթոդը փոխարինելու է գալիս դեղորայքային բուժմանը:

MEDIAINFORM 25.09.2006

Հունիսի 30-ին Կուրորտաբանության և Ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտում (Scientific-Research Institute of Spa Treatment and Physical Medicine) ռուսաստանյան բժշկա-տեխնիկական գիտությունների ակադեմիայի անունից շնորհվեցին բարձրագույն պարգևներ՝ ոսկե մեդալներ: Մեդալների և կոչումների արժանացան՝
- Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Բժշկական համալսարանի մանկական վիրաբուժության ամբիոնի վարիչ, Արաբկիրի բժշկական համալիրի ղեկավար Արա Բաբլոյանը, ով մեծ ջանքեր է ներդրել Հայաստանում մանկական ուրոլոգիայի զարգացման և երիկամի փոխպատվաստման ներդրման գործում:
- Կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Թռչունյանը, որի գիտական աշխատանքները հիմնականում նվիրված են բջջային թաղանթներով նյութերի տեղափոխությանը: Նա փորձարարական տեղեկությունների հիման վրա ձևավորել և զարգացրել է զուգորդվող թաղանթներում սպիտակուցների փոխազդեցության նոր տեսություն, և Բնագիտական զարգացման ուղղությամբ կատարված որոշ աշխատանքների համար 2003-ին արժանացել է ՀՀ նախագահի մրցանակին:

- Բժշկական գիտությունների թեկնածու, Գյումրու վերականգնողական կենտրոնի տնօրեն Անահիտ Աղաջանյանին՝ աղետյալ գոտում կատարած աշխատանքների համար:

MEDIAINFORM 03.07.2006