ԿՈւՐՈՐՏԱԲԱՆՈւԹՅԱՆ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԲԺՇԿՈւԹՅԱՆ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈւՏ ՓԲԸ

ՀՀ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԲԺՇԿՈւԹՅԱՆ, ԿՈւՐՈՐՏԱԲԱՆՈւԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ՈւՍՈւՄՆԱ-ԳԻՏԱ-ԳՈՐԾՆԱԿԱՆ ԲՈւԺՀԱՍՏԱՏՈւԹՅՈւՆ
 
Հարգելի այցելու,
 

Բարի գալուստ Հայաստանի Հանրապետության վերականգնողական բժշկության առաջատար ՀՀ «Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ (այսուհետ ԿՖԲ ԳՀԻ) պաշտոնական www.fizecomed.com կայքէջ: Ուրախ եմ ողջունել Ձեզ ԿՖԲ ԳՀԻ-ի նորացված կայքէջ այցելելու համար:

Կայքը Ձեզ հնարավորություն կտա հասկանալ, թե ԿՖԲ ԳՀԻ իր գործունեությամբ ինչպես է նպաստում Հայաստանում վերականգնողական բժշկության իրականացման, հիվանդների առողջության վերականգնման համակարգերի արդյունավետության բարձրացման գործընթացին:
ԿՖԲ ԳՀ Ինստիտուտը 80 տարիների պատմություն ու դրա մեջ ամփոփված մասնագիտական փորձ ու իմաստություն ունի, որի ծառայությունները հիմնված լինելով կանխարգելիչ բժշկության լավագույն ավանդույթների վրա, միշտ էլ ապահովել են մասնագիտական բարձր որակ և եղել են շարունակական: Ինստիտուտի գիտահետազոտական գործունեության, հիդրոերկրաբանական ռեսուրսների ուսումնասիրության արդյունքները հիմք են հանդիսացել Արզնի, Հանքավան, Ջերմուկ, Դիլիջան, Լոռի և այլ բալնեոլոգիական առողջարանների ստեղծման համար:

2002 թվականից ի վեր ԿՖԲ ԳՀԻ սկզբնավորեց ոլորտի նոր` վերականգնողական բժշկական օգնության շրջան և ընկերությունն այն իրականացնում է իր բարձրորակ ծառայությունների, հեղինակային ուսումնասիրությունների ներդրման միջոցով, որոնք այժմ մատուցվում են բնակչությանը վերականգնողական բուժօգնության ցուցաբերման նորացված, համլիր, հիվանդների վարման արձանագրությունների կիրառմամբ: Դիմագրավելով բազմաթիվ մարտահրավերների` մենք այնուամենայնիվ հավատարիմ մնացինք մեր սկզբունքներին, ստանձնած պարտավորություններին ու հիմնարար արժեքներին: Կարճ ժամանակահատվածում տեսանելի դարձվեց ծառայությունների և բուժսպասարկման բարձր մակարդակը` այն հասցնելով յուրաքանչյուր հիվանդի:

Փորձի ձեռք բերման հետ զուգընթաց աճեց ինստիտուտի հեղինակությունը` մեր հայրենակիցների շրջանում դուրս գալով Հայաստանի սահմաններից: ԿՖԲ ԳՀԻ հանրապետության միակ գիտական հաստատությունն է, որը կուտակել է Հայաստանի հիդրոմիներալ ռեսուրսների վերաբերյալ տվյալների ապացուցողական մեծ բազա, որի հիման վրա ստեղծվել է «Հայաստանի կլիման և բնական բուժ-առողջարարական ռեսուրսների Ատլաս» ֆունդամենտալ գիտական աշխատանքը: Ատլասը ամբողջությամբ նվիրված է Հայաստանի Հանրապետության բժշկա-կլիմայական ռեսուրսներին, կլիմայաբուժմանը, ստորերկրյա հանքային ջրերի, տորֆերի, ցեխերի դասակարգմանը և ջրաբուժական արժեքներին:

«Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ, գլխավորելով Հայաստանի հանրապետության վերականգնողական բժշկության ոլորտը, առաջարկում է նորարարական ծառայություններ, ինչպես նաև տարբերակված լուծումներ ոլորտի բոլոր առկա խնդիրների համար: Այսօր էլ այն առաքելություն ունի ինտեգրելու առողջարարական և վերականգնողական գործունեության նվաճումները սկսած ինքնաառողջացումից մինչև մասնագիտացված նորագույն բարձր տեխնոլոգիական բուժօգնություն:
Այս ամենը հնարավոր կլինի իրագործել ինստիտուտի գլխավոր առավելությունը հանդիսացող բարձր պրոֆեսիոնալիզմով օժտված, բժշկությանը նվիրված ու հավատարիմ անձնակազմի ավելի քան 250 անդամների նվիրումով աշխատանքի և համապատասխան բուժական բազայի շնորհիվ:

Ես, որպես տնօրեն, կուզենայի ընդգծել հետևյալը. հեռահաղորդակցության միջոցով վերականգնողական բժշկության բնագավառի տեղեկատվությունն ապահովելու նախաձեռնությունը լուրջ հավակնություն է, աշխատանքը պատասխանատու է և ծավալուն: Նախաձեռնելով www.fizecomed.com կայքէջի ստեղծումը մենք հետագայում ևս կշարունակենք դրա կայուն զարգացման գործընթացը:

Հավատացած եմ, որ շատ կարճ ժամանակահատվածում մեր կայքէջը կդառնա շատ շատերի համար ԿՖԲ ԳՀԻ մասին տեղեկատվություն ստանալու նախընտրելի աղբյուրը, բուժաշխատողներին կօգնի մասնագիտական առաջընթացում: Մեր կայքում ներկայացված է տեղեկատվություն ինստիտուտի գործունեության, կառուցվածքի, այս ոլորտը կարգավորող իրավական ակտերի, միջազգային համագործակցության վերաբերյալ: Կայքում դուք կարող եք ծանոթանալ քննարկման փուլում գտնվող, ԿՖԲ ԳՀԻ կողմից մշակվող փաստաթղթերին և Ձեր դիտողություններով ու առաջարկություններով նպաստել դրանց կատարելագործմանը: www.fizecomed.com կայքէջի միջոցով Դուք կծանոթանաք մեր ինստիտուտի ծրագրային հիմնական ուղղություններին, կտեղեկանաք ընթացիկ գործունեության, առաջընթացի և կարևոր ձեռքբերումներին, համագործունեության քարտեզը Ձեզ ցույց կտա, թե ում հետ է համագործակցում ԿՖԲ ԳՀԻ միջազգային ասպարեզում, իսկ մեր մասնագիտական հոդվածները ավելի պարզ և պատշաճ տեղեկատվություն կտան մեր հաջողությունների և ապագա ծրագրերի մասին:

Մեր նպատակն է կայքի միջոցով նույնպես ապահովել ԿՖԲ ԳՀԻ գործունեության թափանցիկությունը, հրապարակայնությունը և մատչելիությունը, ուստի կարևորում ենք Ձեր շահագրգիռ մոտեցումը` դիտողությունների ու առաջարկությունների տեսքով:
Հուսով եմ, որ www.fizecomed.com կայքէջը Ձեզ համար կլինի հետաքրքիր, օգտակար և ճանաչողական:
Ակնկալում ենք արդյունավետ համագործակցություն:

 
Հարգանքով`
ՀՀ «Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության
գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ տնօրեն,
բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Բ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ